Պանրի գնի բարձրացումը համարժէք չէ կաթի թանկացմանը<br />


Պանրի գնի բարձրացումը համարժէք չէ կաթի թանկացմանը

  • 03-12-2010 20:28:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Տնտմարցակցության պաշտպանութեան պետյանձնաժողովը (ՏՄՊՊՀ) դեկտեմբերի 3-ին հրապարակեց «Պանիր» ապրանքային շուկայի ուսումնասիրութեան արդիւնքներ: Ըստ այդմ, պանրի շուկայում աշխատող 78 տնտեսվարող սուբյեկտներից Յանձնաժողովն իրենց գործունէութեան մասին մանրամասն տեղեկատուութիւն էր պահանջել առաւել խոշոր 16 ընկերութիւններից: Ուսումնասիրութիւնը ցոյց է տուել, որ նշուածներից ամենախոշորը «Աշտարակ կաթ» ընկերութիւնն է, որը գրաւում է շուկայի աւելի քան 30 տոկոսը եւ ընդհուպ մօտեցել է գերիշխող սուբյեկտ ճանաչուելու համար անհրաժեշտ սահմանագծին: Սակայն, գործող օրենսդրութեամբ ընկերութիւնը չի կարող ճանաչել գերիշխող, անկախ շուկայում ունեցած իր ազդեցութիւնից: Ներկայումս ԱԺ-ում գտնուող օրէնքի փոփոխութիւնների նախագծի ընդունումից յետոյ «Աշտարակ կաթ»-ն արդէն առկայ փաստերի հիման վրայ կարող է ճանաչուել գերիշխող դիրք ունեցող: Միաժամանակ չի բացառւում, որ մօտ ապագայում շուկայի նոր ուսումնասիրութիւն անցկացուի, որի արդիւնքում ընկերութիւնը ճանաչուի գերշխող դիրք ունեցող, քանի որ այն մեծ թափով ընդլայնում է իր գործունէութիւնը եւ առաջիկայում կարող է յատել անհրաժեշտ սահմանագիծը: Ինչ վերաբերում է պանրի գնի բարձրացման պատճառներին, ապա տեղեկատուութիւն ներկայացրած բոլոր 16 ընկերութիւնները դա հիմնականում պայմանաւորել են կաթի գնի բարձրացմամբ: Յանձնաժողովի ուսումնասիրութիւնը պարզել է, որ շուկայում, իրոք, առկայ է մթերուող կաթի գնի բարձրացում, բայց պարզուել է նաեւ, որ պանրի գնի բարձրացումը համարժէք չէ կաթի թանկացմանը: Իսկ պանրի գինն առաջինը բարձրացրել է հենց ամենախոշոր` «Աշտարակ կաթ», ընկերութիւնը: Միւս արտադրողները հետեւել են վերջինի վարքագծին: Ընդ որում, բարձրացումը տեղի է ունեցել ոչ միաժամանակ: Ուսումնասիրութան ընթացքում «Աշտարակ կաթ»-ն արդէն 400-500 դրամով իջեցրել է պանրի գինը, ինչի մասին վկայում են երեւանեան սուպերմարքեթներում Յանձնաժողովի իրականացրած մոնիթորինգի արդիւնքները: Ուսումնասիրութեան ընթացքում Յանձնաժողովը նաեւ պարզել է, որ ընտրուած 16 ընկերություններն ապահովում են պանրի արդիւնաբերական արտադրութեան շուրջ 80 տոկոսը: Մինչդեռ, ընկերութիւններից ստացուած տեղեկատուութիւնը ԱՎԾ-ից ստացուած տուեալների հետ համադրելիս ստացւում է ընդամէնը 7-8 տոկոս: Անիրական համարելով ընկերութիւնների ներկայացրած տուեալները, Յանձնաժողովը ենթադրում է, որ առկայ են ստուերային շրջանառութեան մեծ ծաւալներ, ուստի եւ որոշում կայացուեց ուսումնասիրութեան արդիւնքները տրամադրել հարկային մարմիններին: Ուսումնասիրութիւնը բացայայտեց մէկ կարեւոր հանգամանք եւս. 2009թ.-ի տուեալներով պանրի արտադրութեան մէջ մեծ ծաւալով կաթի փոշի է օգտագործուել: Մինչդեռ այս տարի բոլոր արտադրողները օգտագործել են միայն բնական կաթ: Արտադրողների այս պնդումներն արժանահավատ չհամարելով` Յանձնաժողովը փորձաքննության է ենթարկել կաթնամթերքի որոշ տեսակներ: Փորձաքննության արդիւնքները բացայայտել են ոչ միայն կաթի փոշու առկայութիւն, այլեւ կաթնային ծագում չունեցող որոշակի նիւթեր, մասնաւորապէս` սոդա, որի օգտագործումը կաթնամթերքի արտադրութեան մէջ արգելուած է կառավարութեան համապատասխան որոշումներով եւ հաստատուած ստանդարտներով: Փորձաքննության այս արդիւնքներն էլ Յանձնաժողովը որոշեց տրմադրել Գիւղատնտեսութեան նախարարութեանը` յետագայ ուսումնասիրութեան համար:
  -   Տնտեսութիւն