Աստանայում Հայաստանի արտգործնախարարը հանդիպումներ ունեցաւ մի շարք երկրների իր գործընկերների հետ<br />


Աստանայում Հայաստանի արտգործնախարարը հանդիպումներ ունեցաւ մի շարք երկրների իր գործընկերների հետ

  • 02-12-2010 14:26:00   |   |  Քաղաքական
ԱՍՏԱՆԱ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԵԱՀԿ գագաթաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի նախագահի գլխաւորած պատուիրակութեան կազմում Աստանայում գտնուող արտգործնախարար Էդվարդ Նալբանդեանը գագաթաժողովի շրջանակներում ունեցաւ մի շարք երկկողմ հանդիպումներ: Դեկտեմբերի 1-ին Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հանդիպեց Աուստրալիայի նախկին վարչապետ, ԱԳ նախարար Քեվին Ռուդի հետ: Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ յարաբերութիւնների ընդլայնման նպատակով ձեռնարկուելիք քայլերը, միջազգային կազմակերպութիւնների շրջանակներում համագործակցութեանն առնչուող հարցեր: Երկուստեք կարեւորուեց աւստրալահայ համայնքի դրական դերակատարութիւնը Հայաստանի եւ Աուստրալիայի միջեւ համագործակցութեան զարգացման գործում: Զրուցակցի խնդրանքով` Հայաստանի արտգործնախարարը ներկայացրեց արցախեան հիմնախնդրի կարգաւորման գործընթացի վերջին զարգացումները: Այս ենթատեքստում Քեվին Ռուդը իր երկրի աջակցութիւնը յայտնեց ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող խաղաղ գործընթացին: Էդվարդ Նալբանդեանի յաջորդ հանդիպումը Շվեյցարիայի փոխնախագահ, արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավար Միշլին Քալմի-Ռեյի հետ էր: Զրուցակիցները հանգամանալից քննարկում ունեցան երկկողմ յարաբերութիւնների, ինչպէս նաեւ տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների շուրջ: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութեան հաղորդագրութեան, Աստանայում Էդվարդ Նալբանդեանը մասնակցեց նաեւ ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի հանդիպմանը, որին քննարկվեցին կազմակերպութեան կանոնադրական մարմինների դեկտեմբերի սկզբին կայանալիք նիստերի նախապատրաստական աշխատանքներն ու օրակարգը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարի օրակարգում էր նաեւ Իսրայելի փոխվարչապետ Մոշե Յաալոնի հետ հանդիպումը: Նախարար Նալբանդեանը եւ փոխվարչապետ Յաալոնը քննարկում ունեցան երկկողմ յարաբերութիւնների յետագայ զարգացմանն առնչուող հարցերի շուրջ: Էդվարդ Նալբանդեանի խնդրանքով Իսրայելի փոխվարչապետը ներկայացրեց մերձաւորարեւելեան կարգաւորման գործընթացի վերջին զարգացումները:
  -   Քաղաքական