Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայ Կաթողիկէ Եկեղեցու Պատրիարքին
23-09-2015 16:50:21 | | Հասարակութիւն
Սեպտեմբերի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայ Կաթողիկէ Եկեղեցու Պատրիարք Ամենապատիւ Գրիգոր-Պետրոս Ի Կապրոյեանին` ուղեկցութեամբ Հայաստանում, Վրաստանում եւ Արեւելեան Եւրոպայում Հայ Կաթողիկէ Եկեղեցու առաջնորդ Գերաշնորհ Տ. Ռաֆայէլ արքեպիսկոպոս Մինասեանի: Սա նորընտիր Պատրիարքի առաջին այցելութիւնն էր Հայաստան եւ Մայր Աթոռ Ս. Էջմիածին:
Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր շնորհաւորանքը բերեց Գրիգոր-Պետրոս Ի Պատրիարքին ընտրութեան ու գահակալութեան առիթով` մաղթելով նրան արգասաւոր ծառայութիւն:
Իր խօսքում Նորին Սրբութիւնը գնահատանքով ընգծեց, որ վերջին տարիներին Հայաստանեայց Առաքելական եւ Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջեւ յարաբերութիւնները վերելք են ապրում եւ յատկանշուած են սերտ համագործակցութեամբ:
Այս կապակցութեամբ Ամենայն Հայոց Հայրապետը գոհունակութեամբ յիշեց Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի առիթով Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիկոս Պապի կողմից ապրիլի 12-ին Վատիկանի Ս. Պետրոսի տաճարում մատուցուած սրբազան Պատարագի արարողութիւնը եւ Պապի կողմից հնչեցուած ուղերձը` միտուած մարդկութեան կեանքում նորանոր ոճիրների եւ ցեղասպանութիւնների կանխարգելմանը: Նորին Սրբութիւնը հաստատեց, որ համաշխարհային զարգացումների արդի պայմաններում Եկեղեցիներն արդարութեան ճանապարհ կարող են հարթել միմիայն համատեղ ջանքերով, փոխադարձ աջակցութեամբ եւ աղօթքով:
Իր հերթին Հայ Կաթողիկէ Պատրիարքը շնորհակալութիւն յայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին իր ընտրութեան առիթով յղուած շնորհաւորական ուղերձի եւ մաղթանքների համար: Զրոյցի ընթացքում Գրիգոր-Պետրոս Ի Պատրիարքը նշեց, որ պիտի ջանայ ուժերի ներածին չափով իր հոգեւոր փորձառութիւնը ծառայեցնել ի շահ իր հոտի, ինչպէս նաեւ զօրացնել յարաբերութիւնները Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցու հետ:
Հանդիպմանը ներկայ էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին յարաբերութիւնների եւ արարողակարգի բաժնի տնօրէն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանը, Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Յակոբեանը եւ Մայր Աթոռի Միջեկեղեցական յարաբերութիւնների բաժնի տնօրէն Հոգեշնորհ Տ. Շահէ վարդապետ Անանեանը: