Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Միւռոնօրհնութեան առիթով ժամանած բրազիլահայ ուխտաւորներին
23-09-2015 16:58:25 | Հայաստան | Հասարակութիւն
Սեպտեմբերի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Բրազիլիայի հայոց թեմի մի խումբ ուխտաւորների` առաջնորդութեամբ թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Բերբերեանի: Ուխտաւորները Հայաստան են ժամանել իրենց մասնակցութիւնը բերելու Մայր Աթոռ Ս. Էջմիածնում սեպտեմբերի 27-ին կայանալիք Միւռոնօրհնութեան արարողութեանը, ինչպէս նաեւ այցելելու Հայաստանի տարբեր սրբավայրեր:
Հանդիպման ընթացքում Գարեգին Բ Հայրապետը, անդրադառնալով հայ ժողովրդի կեանքում Սրբալոյս Միւռոնի խորհրդին եւ նշանակութեանը, ընդգծեց, որ Հայաստանի եւ Սփիւռքի թեմերից ուխտաւորների մասնակցութիւնը Միւռոնօրհնէքի արարողութեանը ողջ հայ ժողովրդի միասնական աղօթքի խորհուրդն ունի: Վեհափառ Հայրապետը նշեց, որ Ս. Միւռոնն իր օրհնութիւնն ու շնորհները պիտի հեղի եւ հրաշագործի հայ ժողովրդի կեանքում:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խօսքում վերյիշեց նաեւ Բրազիլիա կատարած իր հովուապետական այցը` յաւելելով, որ առիթ ունեցել է տեսնելու բրազիլահայ համայնքի նախանձախնդրութիւնն ազգային-հոգեւոր արժէքների հանդէպ եւ նուիրումը Եկեղեցու նկատմամբ:
Իր օրհնութիւնն ու գնահատանքը բերելով ներկաներին` Նորին Սրբութիւնը յորդորեց վառ պահել սէրը Եկեղեցու եւ հայրենիքի հանդէպ, իրենց զաւակներին կրթել ու դաստիարակել ազգային ինքնութեան բարձր գիտակցութեամբ: