Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում օծուեցին Դերջանի Ապարանից Ս. Դաւիթ վանքի խաչքարերի նմանօրինակները


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում օծուեցին Դերջանի Ապարանից Ս. Դաւիթ վանքի խաչքարերի նմանօրինակները

  • 28-09-2015 19:54:05   |   |  Հասարակութիւն

Սեպտեմբերի 28-ին, ի յիշատակ Հայոց Ցեղասպանութեան սուրբ նահատակների, ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, օծուեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքոյ օրեր առաջ կանգնեցուած Դերջանի Ապարանից Ս. Դաւիթ վանքի խաչքարերի նմանօրինակները:
 
Երկու խաչքարերը կանգնեցուել են Նորին Սրբութեան օրհնութեամբ ու նախաձեռնութեամբ եւ ազնիւ բարերարութեամբ տէր եւ տիկին Յակոբ եւ Դոննայ Տիտիզեանների:
Խաչքարերի օծման հանդիսաւոր արարողութիւնից առաջ խօսք ասաց Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրէն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայեանը: 
Մուշեղ Սրբազանը, դիմելով ներկաներին, մասնաւորաբար նշեց, որ օրը շատ յատկանշական ու խորհրդաւոր է: Անդրադառնալով հայ ժողովրդի համար նուիրական 2015 թ.-ին` նա ընդգծեց, որ Հայոց Ցեղասպանութեան նահատակների սրբադասումով տարին արժեւորուեց հայ ժողովրդի համար, իսկ այս կապակցութեամբ Մայր Աթոռում վեր խոյացած զոյգ խաչքարերի օծումն առիթ է, որպէսզի նահատակութեան քաղցր լուծը ճաշակած սրբերի համար աղօթք եւ հայց ուղղուի երկինք: Սրբազանը յաւելեց նաեւ, որ մեծագոյն երջանկութիւն է տեսնել` ինչպէս են ամէնքը միասնաբար համատեղուած սրբութիւն խորհրդանշող խաչքարերի օծման աստուածային իրողութեան առջեւ: 
Իր խօսքում Մուշեղ եպիսկոպոսը կարեւոր ձեռքբերում համարեց այն, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ պէտք է Յաղթութեան Սրբալոյս Միւռոնով առաջին անգամ օծուէն իրենց վիթխարի չափսերով եւ հոգեւոր իմաստով այս երկու պանծալի խաչքարերը: «Այս երկու խաչքարերը կանգնեցուել են այն հազարաւոր խաչքարերի փոխարէն, որոնք այլեւս չկան եւ այն բազմաթիւ հայորդիների փոխարէն, ովքեր ծնկել են այդ խաչքարերի առջեւ եւ աղօթքներ վերառաքել Բարձրեալին», - շեշտեց Սրբազան Հայրը:
Այնուհետեւ խօսքով ներկաներին դիմեց բարերար Յակոբ Տիտիզեանը: Նա վերյիշեց այն ուղին, որով անցել են այս երկու խաչքարերը: Տիար Տիտիզեանը երախտագէտ սրտով շնորհակալութիւն յայտնեց նաեւ քանդակագործներին, ճարտարապետներին, որոնք շուրջ ինն ամիսներ տքնեցին, որպէսզի ստեղծուէին այս սրբութիւնները: Նա նաեւ վստահութիւն յայտնեց, որ խաչքարերի տեղադրումը պէտք է գալիք սերունդներին պատմի հայ ժողովրդի փառաւոր մշակոյթի, Հայոց Ցեղասպանութեան սուրբ նահատակների անմահ յիշատակի եւ հայոց ներկայ վերածննդի մասին:
Խօսքից յետոյ տէր եւ տիկին Տիտիզեանների կողմից քօղազերծուեցին երկնասլաց խաչքարերը: Ապա կատարուեց խաչքարերի օրհնութեան արարողութիւնը, որի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն օծեց իրենց կերտուածքով եզակի խաչքարերը:
Արարողութեան աւարտին տեղի ունեցաւ նաեւ ընդունելութիւն, որի ժամանակ Նորին Սրբութիւն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերստին իր օրհնութիւնը բերեց Տիտիզեան ընտանիքի անդամներին: 
Ամենայն Հայոց Հայրապետը տէր եւ տիկին Յակոբ եւ Դոննայ Տիտիզեաններին, ինչպէս նաեւ տէր եւ տիկին Քրիս Տիտիզեաններին եկեղեցանուէր գործունէութեան համար Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցու «Ս. Գրիգոր Լուսաւորիչ» պատուոյ բարձրագոյն շքանշան շնորհեց:
 
  -   Հասարակութիւն