Մասնաւոր վարդապետութեան աստիճանի տվչութիւն Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում
30-09-2015 18:43:20 | | Հասարակութիւն
Սեպտեմբերի 29-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ, Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում տեղի ունեցաւ Հայ Եկեղեցու մասնաւոր վարդապետութեան չորս աստիճանների տվչութեան արարողութիւն:
Ձեռամբ Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսեանի մասնաւոր վարդապետութեան իշխանութիւն տրուեց օրեր առաջ` սեպտեմբերի 25-ին վարդապետական թեզերը պաշտպանած Մայր Աթոռ Ս. Էջմիածնի եօթ միաբանների` Քրէակատարողական հիմնարկների հոգեւոր տեսուչ Հոգեշնորհ Տ. Ռուբեն աբեղայ Զարգարեանին, Գեղարքունիքի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Կիրակոս աբեղայ Դաւթեանին, Մայր Աթոռի փոխդիւանապետ Հոգեշնորհ Տ. Պարթեւ աբեղայ Բարսեղեանին, Մայր Աթոռի Կադրերի բաժնի տնօրէն Հոգեշնորհ Տ. Կիւրեղ աբեղայ Դաւթեանին, Յունաստանի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Խորէն աբեղայ Առաքելեանին, Մայր Աթոռի Գեւորգեան հոգեւոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին աբեղայ Համբարձումեանին եւ Հառիճավանքի Թրբանճեան ընծայարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Նշան աբեղայ Հմայակեանին:
Արարողութեան աւարտին Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսեանը շնորհաւորեց նորընծայ վարդապետներին` մասնաւորապէս նշելով. «Դուք այսօր կոչուած էք Տիրոջ կենարար խօսքը քարոզելու, մեր սրբազան հայրերի ճշմարիտ վարդապետութիւնը մեկնելու, որպէսզի աստուածային խօսքի իմաստութեամբ եւ ճշմարտութեամբ առաջնորդուեն Սուրբ Եկեղեցու ձեզ վստահուած մեր զաւակները, որպէսզի ձեր խորհրդով ու ձեր իմաստուն առաջնորդութեամբ մերժեն ամէն տեսակի գայթակղութիւն եւ մեղք, պահեն իրենց հոգու անդորրը»: Սրբազան Հայրը մաղթեց, որ Աստծու օրհնութիւնն ու Սուրբ Հոգու շնորհները մշտապէս ուղեկցեն նրանց, հաստատուն մնան իրենց կոչման մէջ եւ վարդապետական գաւազանով դէպի Տիրոջ կենարար խօսքն առաջնորդեն իրենց հաւատացեալ հոտը:
Նոյն օրը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց եօթ վարդապետներին` ուղեկցութեամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Յակոբեանի եւ Վարդապետական թեզերի պաշտպանութեան յանձնաժողովի նախագահ, Մայր Աթոռի եկեղեցական հայեցակարգային գրասենեակի տնօրէն եւ Տաւուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանեանի:
Հանդիպմանը Բագրատ Սրբազանը յանուն եօթ վարդապետների իր հաւատարմութիւնը յայտնեց Ամենայն Հայոց Հայրապետին եւ Մայր Աթոռ Ս. Էջմիածնին:
Այնուհետեւ վարդապետական աստիճանի արժանացած Հայր Սուրբերին շնորհաւորեց եւ իր պատգամն ու գնահատանքը բերեց Վեհափառ Հայրապետը` վստահութիւն յայտնելով, որ նրանք ամենայն պատասխանատուութեամբ կ'իրականացնեն իրենց ծառայութիւնը Հայ Եկեղեցու անդաստանում: Նորին Սրբութիւնը յորդորեց, որ իրենց ծառայութիւնն արդիւնաւորեն նաեւ գիտակրթական ասպարէզում:
Վերջում Հայոց Հայրապետը «Պահպանիչ» աղօթքով օրհնեց վարդապետներին եւ յաջողութիւն մաղթեց նրանց առաքելութեանը:
Սեպտեմբերի 29-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում տեղի ունեցավ Հայ Եկեղեցու մասնավոր վարդապետության չորս աստիճանների տվչության արարողություն:
Ձեռամբ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի մասնավոր վարդապետության իշխանություն տրվեց օրեր առաջ` սեպտեմբերի 25-ին վարդապետական թեզերը պաշտպանած Մայր Աթոռ Ս. Էջմիածնի յոթ միաբանների` Քրեակատարողական հիմնարկների հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանին, Գեղարքունիքի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Կիրակոս աբեղա Դավթյանին, Մայր Աթոռի փոխդիվանապետ Հոգեշնորհ Տ. Պարթև աբեղա Բարսեղյանին, Մայր Աթոռի Կադրերի բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Կյուրեղ աբեղա Դավթյանին, Հունաստանի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Խորեն աբեղա Առաքելյանին, Մայր Աթոռի Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին աբեղա Համբարձումյանին և Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Նշան աբեղա Հմայակյանին:
Արարողության ավարտին Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը շնորհավորեց նորընծա վարդապետներին` մասնավորապես նշելով. «Դուք այսօր կոչված եք Տիրոջ կենարար խոսքը քարոզելու, մեր սրբազան հայրերի ճշմարիտ վարդապետությունը մեկնելու, որպեսզի աստվածային խոսքի իմաստությամբ և ճշմարտությամբ առաջնորդվեն Սուրբ Եկեղեցու ձեզ վստահված մեր զավակները, որպեսզի ձեր խորհրդով ու ձեր իմաստուն առաջնորդությամբ մերժեն ամեն տեսակի գայթակղություն և մեղք, պահեն իրենց հոգու անդորրը»: Սրբազան Հայրը մաղթեց, որ Աստծու օրհնությունն ու Սուրբ Հոգու շնորհները մշտապես ուղեկցեն նրանց, հաստատուն մնան իրենց կոչման մեջ և վարդապետական գավազանով դեպի Տիրոջ կենարար խոսքն առաջնորդեն իրենց հավատացյալ հոտը:
Նույն օրը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց յոթ վարդապետներին` ուղեկցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի և Վարդապետական թեզերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ, Մայր Աթոռի եկեղեցական հայեցակարգային գրասենյակի տնօրեն և Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի:
Հանդիպմանը Բագրատ Սրբազանը հանուն յոթ վարդապետների իր հավատարմությունը հայտնեց Ամենայն Հայոց Հայրապետին և Մայր Աթոռ Ս. Էջմիածնին:
Այնուհետև վարդապետական աստիճանի արժանացած Հայր Սուրբերին շնորհավորեց և իր պատգամն ու գնահատանքը բերեց Վեհափառ Հայրապետը` վստահություն հայտնելով, որ նրանք ամենայն պատասխանատվությամբ կիրականացնեն իրենց ծառայությունը Հայ Եկեղեցու անդաստանում: Նորին Սրբությունը հորդորեց, որ իրենց ծառայությունն արդյունավորեն նաև գիտակրթական ասպարեզում:
Վերջում Հայոց Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց վարդապետներին և հաջողություն մաղթեց նրանց առաքելությանը: