Թեւան Պողոսեանը եւ Աբգար Եղոյանը ընտրուել են ՔՀՀ-ի Ղեկավար կոմիտէի նոր անդամներ<br />


Թեւան Պողոսեանը եւ Աբգար Եղոյանը ընտրուել են ՔՀՀ-ի Ղեկավար կոմիտէի նոր անդամներ

  • 24-11-2010 18:30:00   |   |  Քաղաքական
ԲԵՌԼԻՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 18-19-ին Բեռլինում տեղի է ունեցել ալգ ՔՀՀ 2-րդ հանդիպումը, որին մասնակցել են ալգ վեց երկրների` Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի, Ուկրաինայի եւ Բելառուսի քաղաքացիական հասարակութեան, ԵՄ անդամ պետութիւնների, երրորդ երկրների եւ միջազգային կազմակերպութիւնների ներկայացուցիչներ: Համաժողովը ողջունել են Եւրոմիութեան ընդլայնման եւ եւրոպական հարեւանութեան քաղաքականութեան հարցերով յանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, Գերմանիայի արտգործնախարար Գուիդո Վեստերվելլը, Լեհաստանի արտաքին գործերի նախարարութեան եւրոպական հարցերի գծով նախարար Միկոլայ Դովգիլեւիչը, Գերմանիայի արտաքին գործերի պետնախարար Կորնելյա Փիփերը, Չեխիայի փոխարտգործնախարար Ժիրի Շնեյդերը, Եւրոպական տնտեսական եւ սոցիալական կոմիտէի փոխնախագահ Յացեկ Կրավչիկը: Համաժողովին ներկայացուել է ՔՀՀ Ղեկավար կոմիտէի գործունէութեան վերաբերեալ զեկոյցը, տեղի են ունեցել ՔՀՀ չորս աշխատանքային խմբերի եւ համապատասխան ենթախմբերի հանդիպումները եւ ամփոփուել են ալգ առաջընթացին ուղղուած առաջարկութիւնները եւ յետագայ գործունէութեան ծրագրերը: Ընտրուել է ՔՀՀ Ղեկավար կոմիտէի նոր կազմ, որտեղ ներգրաւել են Հայաստանի քաղաքացիական հասարակութեան երեք կազմակերպութիւնների ներկայացուցիչներ: ՔՀՀ Ղեկավար կոմիտէի կազմում, որպէս ՔՀՀ 1-ին` «Ժողովրդավարութիւն, մարդու իրաւունքներ, արդիւնաւէտ կառավարում եւ կայունութիւն», աշխատանքային խմբի համակարգող, շարունակելու է աշխատել Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նաւասարդեանը, ով մինչ այդ ՔՀՀ ղեկավար մարմնում Հայաստանի միակ ներկայացուցիչն էր եւ ՔՀ առաջին համաժողովի կողմից ընտրուած Հայաստանի համակարգողը: ՔՀՀ Ղեկավար կոմիտէի նոր անդամներ են դարձել Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի (ՄԶՄԿ) տնօրէն Թեւան Պողոսեանը` որպէս ՔՀՀ 4-րդն «Միջանձնային շփումներ» աշխատանքային խմբի համակարգող, եւ Հայաստանի Սպառողների իրաւունքների պաշտպանութիւն հասարակական կազմակերպութեան նախագահ Աբգար Եղոյանը` որպէս ՔՀՀ Հայաստանի համակարգող: ՔՀՀ Ղեկավար կոմիտէի ժամանակաւոր խօսնակ է ընտրուել «եվրոբելառուս» միջազգային միաւորման նախագահ Վլադ Վելիչկոն:
  -   Քաղաքական