Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եարոսլաւի նահանգապետին


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եարոսլաւի նահանգապետին

  • 02-11-2015 19:05:36   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Նոյեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ռուսաստանի Դաշնութեան Եարոսլաւի նահանգապետ Սերգեյ Եաստրեբովին` ուղեկցութեամբ ՀՀ Արմաւիրի մարզպետ Աշոտ Ղահրամանեանի:
 
Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձաւ երկու ժողովուրդների միջեւ առկայ բարեկամական ջերմ յարաբերութիւններին` գոհունակութիւն յայտնելով երկու երկրների, ինչպէս նաեւ Արմաւիրի եւ Եարոսլաւի մարզերի միջեւ առկայ համագործակցութեան առիթով: Վեհափառ Հայրապետը հաստատեց, որ գործակցութեան բարի արդիւնաւորման եւ յետագայ զօրացման համար որպէս ամուր հիմք են ծառայում դարերի ընթացքում երկու հաւատակից ժողովուրդների միջեւ ձեւաւորուած սերտ կապերը եւ բարի աւանդոյթները:
Իր խօսքում Նորին Սրբութիւնը ներկայացրեց նաեւ Հայաստանեայց Առաքելական եւ Ռուս Ուղղափառ Եկեղեցիների միջեւ առկայ եղբայրական փոխյարաբերութիւնները, որոնք իրենց հերթին նպաստում են երկու ժողովուրդների բարեկամական կապերի սերտացմանը: 
Պրն. Ս. Եաստրեբովը եւս անդրադարձ կատարեց հայ-ռուսական յարաբերութիւններին, Վեհափառ Հայրապետին տեղեկացրեց Արմաւիրի մարզի հետ իրականացուող համատեղ ծրագրերի մասին: Մասնաւորապէս խօսելով մարզի հայ բնակչութեան մասին` Եարոսլաւի նահանգապետը յայտնեց, որ մարզում բնակուող տարբեր ազգերի ներկայացուցիչների ազգային ինքնութեան, մշակոյթի եւ լեզուի պահպանութեան ուղղութեամբ արւում է ամէնը, ինչի կարեւոր վկայութիւնն է նաեւ Եարոսլաւլում հայկական եկեղեցու կառուցումը:  
Այս առիթով Նորին Սրբութիւնն իր գնահատանքը յայտնեց պրն. Սերգեյ Եաստրեբովին մարզային իշխանութիւնների կողմից հայկական համայնքին ցուցաբերուող աջակցութեան համար: 
Զրոյցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաեւ ցաւակցութիւն յայտնեց Եարոսլաւի նահանգապետին` Շարմ-էլ-Շէյխից Սանկտ-Պետերբուրգ թռիչք իրականացնող ռուսաստանեան ինքնաթիռի վթարի եւ բազմաթիւ զոհերի կապակցութեամբ:
 
  -   Մամլո հաղորդագրություն