<br /> «Հայաստան» համահայկական հիմնադրամը կրթական ծրագրեր է իրականացնում Վանաձորում <br />



«Հայաստան» համահայկական հիմնադրամը կրթական ծրագրեր է իրականացնում Վանաձորում

  • 04-05-2011 16:40:53   | Հայաստան  |  Հասարակութիւն
Ենթակառուցուածքային ծրագրերին զուգընթաց «Հայաստան» համահայկական հիմնադրամը նաեւ տարբեր ծաւալի կրթական ծրագրեր է իրականացնում Հայաստանում ու Արցախում: Այդպիսի երկու ծրագիր իրականացուել է Վանաձորում Հիմնադրամի Յունաստանի տեղական մարմնի հովանաւորութեամբ: 131 սան ունեցող թիւ 30 մանկապարտէզին տրամադրուել է կահոյք, հանգստի ու ժամանցի պարագաներ: Բարեկարգուել է խաղահրապարակը, որտեղ տեղադրուել է տաղաւար եւ անհրաժեշտ սպորտային գոյք: Երկրորդ ծրագիրն իրականացուել է Վանաձորի մանկատանը, որտեղ համակարգչային դասասենեակ է հիմնուել: Ներկայումս մանկատանը տարբեր տարիքային խմբերի 102 երեխայ է ապրում` մի մասը ծնողազուրկ, միւսներն էլ` սոցիալապէս անապահով ընտանիքներից: Մանկատան սաներից 60-ը յաճախում է հանրակրթական դպրոց, 20-ը` քոլեջ ու բարձրագոյն ուսումնական հաստատութիւն: դժուարութիւններ տեսած այս պատանիներին համակարգչային գիտելիքները կ'օգնեն աւելի վստահ կեանք մտնել եւ մրցունակ լինել աշխատանքային շուկայում: Համակարգչային դասասենեակը վերանորոգուել ու կահաւորուել է արդի պայմաններին համապատասխան: Տրամադրուել է համակարգչային տեխնիկայ, այդ թւում` վերջին սերնդի տասը համակարգիչ, UPS, բազմաֆունկցիոնալ սարք (տպիչ, սքաներ, պատճէնահանող սարք), ինչպէս նաեւ ուսումնական DVD սկաւառակներ: Ներդրուել է անվճար օպերացիոն համակարգ, ստեղծուել համակարգչային ներքին ցանց, որը հնարաւորութիւն կը տայ յետագայում միանալ համացանցին: Իսկ «Ինստիգեյթ» ճարտարագիտական կենտրոնը պարտաւորուել է մանկատան սաների համար տեղում անցկացնել անվճար համակարգչային դասընթացնէր, ինչպէս նաեւ վերապատրաստել համապատասխան մասնագէտի, ով յետագայում կը դասաւանդի երեխաներին: «Մենք կարեւորում ենք ենթակառուցուածքների զարգացման ծրագրերը, սակայն նախընտրեցինք, որ մեր առաջին ձեռնարկներն ուղղուած լինեն մանկական հաստատութիւններում կրթական արդի պայմանների ստեղծմանը, ինչը նոր հեռանկարներ կը բացի երիտասարդ սերնդի համար: Յունահայ համայնքը հաւատում է, որ գիտելիքներով զինուած` Վանաձորի մանկատան սաները պատրաստուածութեամբ չեն զիջի իրենց հասակակիցներին, իսկ մանկապարտէզի փոքրիկ հայորդիներն իրենց առաջին քայլերը կանէն գեղեցիկ ու ապահով պայմաններում»,- ասել է Հիմնադրամի Յունաստանի տեղական մարմնի ատենապետ Վաչէ Տէր-կարապետեանը: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին «Հայաստան» համահայկական հիմնադրամից, համակարգչային սենեակի ստեղծումը հիմնադրամի երկրորդ ծրագիրն է այս հաստատութիւնում. անցեալ տարի ԱՄՆ արեւմտեան շրջանի տեղական մարմնի նախաձեռնութեամբ վերանորոգուեցին մանկատան 10 սանհանգոյցները:
  -   Հասարակութիւն