Ըստ ԵԱՀԿ-ում ՀՀ դեսպանի, Ադրբեջանը դուրս է գալիս ՄԽ եռանախագահների աջակցութեամբ ընթացող բանակցութիւնների ձեւաչափի դէմ


Ըստ ԵԱՀԿ-ում ՀՀ դեսպանի, Ադրբեջանը դուրս է գալիս ՄԽ եռանախագահների աջակցութեամբ ընթացող բանակցութիւնների ձեւաչափի դէմ

  • 13-11-2010 12:55:13   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՒԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 11-ին ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Աշոտ Յովակիմեանը, ի պատասխան Մինսկի խմբի հանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի զեկոյցի, հանդէս է եկել ելոյթով, որտեղ մասնաւորապէս նշել է. «Ինչպէս նշուել էր Աստրախանի եռակողմ հանդիպմանը յաջորդած` նախագահ Մեդուեդեւի մամուլի ասուլիսի ընթացքում, նախագահները յանձնարարել էն արտաքին գործերի նախարարներին շարունակել բանակցութիւնները` հակամարտութեան կարգաւորման հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնութեան հասնելու նպատակով: Ադրբեջանի մշտական ներկայացուցիչը ԵԱՀԿ-ում` հէնց այս դահլիճում յայտարարում է, որ հիմնարար սկզբունքները կորցրել էն իրենց կարեւորութիւնը, եւ ժամանակի եւ էներգիայի վատնում է դրանց քննարկումը (PC.DEL/936/10): Ինչպէ՞ս կարող է Ադրբեջանի դեսպանը անիմաստ համարել այն, ինչի շուրջ Ադրբեջանի Նախագահը յանձնարարել է իր նախարարին բանակցել»: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ ԱԳՆ Մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից, Հայաստանի դեսպանն ընդգծել է, որ Ադրբեջանն այս դիրքորոշմամբ, փաստօրէն, դուրս է գալիս Մինսկի խմբի եռանախագահների աջակցութեամբ ընթացող բանակցութիւնների ձեւաչափի դէմ: Եզրափակելով ելոյթը` Աշոտ Յովակիմեանն ասել է. «Մէկ այլ հարց, որ էս կը ցանկանայի բարձրացնել, վերաբերւում է վստահութեան ամրապնդմանն ուղղուած ջանքերին: Ռազմական ոլորտում վստահութեան եւ անվտանգութեան ամրապնդման միջոցների ներկայացումը ԼՂ հիմնախնդրի կարգաւորմանն ուղղուած բազմաթիւ փաստաթղթերի անբաժան մասն է, որը, սակայն, շարունակաբար մերժուել է Ադրբեջանի կողմից: Աստրախանում ձեռք բերուած պայմանաւորուածութիւնների համաձայն` այդ ուղղութեամբ կատարուած առաջին քայլին պէտք է յաջորդեն վստահութեան ամրապնդման այլ միջոցներ: Ադրբեջանը, սակայն, վստահութեան ամրապնդման ուղղուած առաջին քայլն անգամ օգտագործեց նեղ քարոզչական նպատակներով, ինչը ոչ թէ վստահութիւնը, այլ անվստահութիւնն է խորացնում: Մթնոլորտը սրում էն նաեւ Ադրբեջանի բարձր ղեկավարութեան պատերազմաշունչ յայտարարութիւնները, սպառնալիքները, որոնց նպատակն է ձախողել բանակցութիւնները»:
  -   Քաղաքական