ԱԺ պատգամաւոր Արեգ Ղուկասեանն ընտրուել է ՍԾՏՀ ԽՎ-ի փոխնախագահ


ԱԺ պատգամաւոր Արեգ Ղուկասեանն ընտրուել է ՍԾՏՀ ԽՎ-ի փոխնախագահ

  • 12-11-2010 18:40:55   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՒԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 1-ից 4-ը Տրապիզոնում կայացած Սեւծովեան տնտեսական համագործակցութեան Խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) 36-րդ լիագումար նստաշրջանում հայաստանեան պատուիրակութեան անդամ, հանրապետական պատգամաւոր Արեգ Ղուկասեանը միաձայն ընտրուել է Վեհաժողովի փոխնախագահ: ԽՎ-ի հինգ փոխնախագահներից միակ թափուր պաշտօնում նրա թեկնածութիւնն առաջադրել է հայաստանեան պատուիրակութիւնը: Այս մասին նոյեմբերի 12-ին Ազգային ժողովում հրաւիրուած ասուլիսում յայտնեց պատուիրակութեան ղեկավար, ԱԺ ֆինանսավարկային եւ բիւջետայի հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասեանը: Նա ընդգծեց, որ Ա.Ղուկասեանի թեկնածութեան միաձայն ընդունումը «չափազանց մեծ ձեռքբերում է մեր պատուիրակութեան համար, որովհետեւ բարձրագոյն մարմնում` Բիւրոյում, մենք արդէն ունենք մեր ներկայացուցիչը»: Սա կարեւոր է այն առումով, որ Ա.Ղուկասեանն ունի Վեհաժողովի աշխատանքներում նախագահելու հնարաւորութիւն, եւ «բազմաթիւ հարցեր էն լինում, մասնաւորապէս, ՀՀ-ի շահերին ուղղակի վերաբերող, որտեղ նախագահողի դերն իսկապէս էական է»: Հայաստանը նաեւ առաջիկայ երկու տարիներին Վեհաժողովի մշտական յանձնաժողովում կ'ունենայ երկու ներկայացուցիչ` Գ.Մինասեան եւ Ա.Ղուկասեան: Ըստ Գ.Մինասեանի, կազմակերպութեան 12 անդամ երկրներից միայն 4-ն ունէն երկուական ներկայացուցիչ: Նշուեց նաեւ, որ նստաշրջանի քննարկման հիմնական թեման միջմշակութային եւ միջքաղաքակրթական շփումներն էին, եւ այս կապակցութեամբ Գ. Մինասեանը ներկայացրել է Հայաստանի կողմից իրականացուող քաղաքականութիւնը եւ անդրադարձել խնդրի կարեւորութեանը միջազգային յարաբերութիւններում` խաղաղ եւ կայուն զարգացման տեսանկիւնից: Հայկական պատուիրակութեան ղեկավարն անդրադարձել է Ադրբեջանում եւ Թուրքիայում առկայ դրսեւորումներին: Նա, մասնաւորապէս, նշել է, որ «Ադրբեջանում չէն դադարում հայկական ժառանգութիւնից խուսափելու ծայրայեղ եւ անընդունելի մեթոդները»` յիշատակելով Ջուղայում հազարից աւելի խաչքարերի «վայրագ ոչնչացումը»: Թուրքիայի կողմից իրականացուող քաղաքականութեան մասով էլ նշուել է Հայաստանի շրջափակումը: Գ.Մինասեանը յայտնեց նաեւ, որ նոյն խնդիրների մասին խօսել է Թուրքիայի TRT 3 հեռուստաընկերութեանը տուած հարցազրոյցում, որն ամբողջութեամբ հեռարձակուել է: Գ.Մինասեանը նշեց նաեւ, որ պատուիրակութիւնը Վեհաժողովի աշխատանքներին մասնակցել է ամբողջ կազմով, եւ հայ պատգամաւորները Խվ-ի երեք յանձնաժողովներում քննարկուած հարցերի վերաբերեալ ներկայացրել էն Հայաստանի դիրքորոշումը: Նստաշրջանի օրերին պատուիրակութեան անդամները թուրք պատգամաւորների հետ շփուելու հնարաւորութիւն էն ունեցել, եւ, ինչպէս նշեց պատուիրակութեան անդամ Ա.Ղուկասեանը, ակնյայտ է, որ խօսակցութիւններն ընթացել էն հիմնականում հայ-թուրքական յարաբերութիւնների եւ դրանց կարգաւորմանն ուղղուած արձանագութիւնների մասին: Հայ պատուիրակները վերահաստատել էն արձանագրութիւնների վաւերացման վերաբերեալ պաշտօնական տեսակէտը, եւ ընդգծել, որ թուրքական կողմը կամ պէտք է դրանք վաւերացնի, կամ պաշտօնապէս հրաժարուի:
  -   Քաղաքական