Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Եւրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսի ղեկավար մարմնի անդամներին


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Եւրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսի ղեկավար մարմնի անդամներին

  • 25-11-2015 16:51:26   |   |  Հասարակութիւն

Նոյեմբերի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարուած Եւրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսի ղեկավար մարմնի (ԷԵԿ) եռօրեայ ժողովի մասնակիցներին` ուղեկցութեամբ Հայաստանի Աստուածաշնչային ընկերութեան գլխաւոր քարտուղար, ԷԵԿ-ի ղեկավար մարմնում Հայ Եկեղեցու ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսեանի եւ Մայր Աթոռի Միջեկեղեցական յարաբերութիւնների բաժնի տնօրէն Հոգեշնորհ Տ. Շահէ վարդապետ Անանեանի: 
Հանդիպմանը Հայր Շահէն ժողովականներին ներկայացրեց Նորին Սրբութեանը` անդրադառնալով նաեւ ԷԵԿ ժողովի օրակարգին:
 
Ողջունելով Եւրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսի ներկայացուցիչներին` Նորին Սրբութիւնը գոհունակութեամբ նշեց, որ հայ ժողովրդի համար նուիրական այս տարում, երբ հայութիւնն ամէնուրեք ոգեկոչում է Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցը, ԷԵԿ ղեկավար մարմինը, ընդառաջ Ամենայն Հայոց Հայրապետի հրաւէրին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում է անցկացնում իր տարեկան ժողովը: Այս առիթով Վեհափառ Հայրապետը մեծապէս կարեւորեց այն զօրակցութիւնը, որ միջեկեղեցական կազմակերպութիւնները` Եւրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսը, Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը, եւ Քոյր Եկեղեցիները բերեցին Հայոց Եկեղեցուն եւ հայ ժողովրդին ի նպաստ` մասնակցելով Մայր Աթոռում, աշխարհի հայկական տարբեր համայնքներում եւ Քոյր Եկեղեցիների հոգեւոր կենտրոններում կազմակերպուած յիշատակի արարողութիւններին: 
Անդրադառնալով Հայոց Ցեղասպանութեան դատապարտման գործում Քրիստոնէական Եկեղեցիների եւ միջեկեղեցական կառոյցների ցուցաբերած աջակցութեանը` Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ Ցեղասպանութեան ճանաչման ու դատապարտման միջոցով է հնարաւոր միայն մարդկային կեանքում կանխարգելել նմանօրինակ ոճիրներն ու յանցագործութիւնները: 
Զրոյցի ընթացքում Նորին Սրբութիւնը դատապարտութեան խօսք հնչեցրեց նաեւ Փարիզում (Ֆրանսիայ) նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողութիւնների առիթով` առ Աստուած աղօթք վերառաքելով զոհուածների հոգիների խաղաղութեան ու նրանց հարազատների մխիթարութեան համար: Վեհափառը փաստեց, որ Եկեղեցիների ակտիւ գործակցութիւնը, միջեկեղեցական եւ միջկրօնական երկխօսութիւնների իրականացումը կարող են նպաստել նման աղէտալի երեւոյթների յաղթահարմանը: 
ԷԵԿ գործադիր անդամների անունից խօսք ասաց ԷԵԿ նախագահ Քրիստոֆեր եպիսկոպոսը (Անգլիկան Եկեղեցի): Շնորհակալութիւն յայտնելով ջերմ հիւրընկալութեան համար` նա ընդգծեց, որ Քրիստոսի առաքեալների կողմից հիմնադրուած Հայ Եկեղեցու հոգեւոր կենտրոնում գտնուելը խմբի իւրաքանչիւր անդամի աւելի է հարստացնում ու ամրապնդում քրիստոնէական հաւատի մէջ: Քրիստոֆեր եպիսկոպոսն անդրադարձաւ նաեւ Մայր Աթոռում կատարուած Հայոց Ցեղասպանութեան նահատակների սրբադասման արարողութեան կարեւորութեանը եւ խորհրդաւորութեանը:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը ժողովականներին ներկայացրեց Հայ Եկեղեցու ներկայիս գործունէութիւնը, խօսեց Հայ Եկեղեցու առջեւ ծառացած մարտահրաւէրների եւ եկեղեցականների նոր սերնդի պատրաստութեան մասին:
Հանդիպմանը ներկայ էր նաեւ Մայր Աթոռի Արտաքին յարաբերութիւնների եւ արարողակարգի բաժնի տնօրէն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանը:
 
 
  -   Հասարակութիւն