ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 5-ին Հայաստանի Սփիւռքի նախարարութեան հովանու ներքոյ Ե.Չարենցի անուան գրականութեան եւ արուեստի թանգարանում տեղի ունեցաւ եղեռնամահ բանաստեղծ Ռուբէն Սեւակի ծննդեան 125-ամեակին նուիրուած ցուցահանդէսի բացումը եւ «Թանգարան» գրական սալոնի ցերեկույթը: ՀՀ սփիւռքի նախարարի տեղակալ Ստեփան Պետրոսեանը նշեց, որ «Մէկ ազգ, մէկ մշակոյթ» փառատոնի շրջանակներում անցկացուող Ռուբէն Սեւակին նուիրուած միջոցառումների շարքը յատկանշական է, քանի որ Հայաստանի կառավարութեան կողմից իրավամբ գնահատւում եւ արժեւորւում է տաղանդաւոր հայ գրողի ստեղծագործութիւնը եւ Եղեռնի ճիրաններում զոհուած 30-ամեայ գրողի բանաստեղծական ուղին:
Միջոցառմանը մասնակցում էին անուանի սեւակագետներ Արեքսանդր եւ Անահիտ Թոփչյաները, Վլադիմիր Կիրակոսեանը, որոնք նշեցին, որ երիտասարդ տարիքում զոհուած բանաստեղծի կեանքն ու ստեղծագործությունն ուսումնասիրելը շրջադարձային է եղել իրենց համար եւ դարձել վաղամեռիկ գրողի ստեղծագործութիւնը հասարակութեանը ներկայացնելու դժուարին առաքելութիւն:
Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ Սփիւռքի նախարարութեան Մամուլի եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, ցերեկույթին ասմունքով հանդէս եկաւ ՀՀ ժողովրդական արտիստ Վարդուհի Վարդերեսեանը: