Գալուստ Սահակեան. «Ազգային Ժողովում ներկայացուած լինելու իրական հնարաւորութիւն ունեն ակտիւ քաղաքական ուժերը»<br />


Գալուստ Սահակեան. «Ազգային Ժողովում ներկայացուած լինելու իրական հնարաւորութիւն ունեն ակտիւ քաղաքական ուժերը»

  • 02-11-2010 19:40:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Հանրապետական կուսակցութեան կառոյցները մշտապէս պատրաստ են ընտրութիւններին, եւ հենց դա էլ հուսադրում է կուսակցութեանը առաջիկայ խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքների վերաբերեալ կանխատեսումներ անելիս: Այս մասին նոյեմբերի 2-ի ասուլիսում յայտարարեց ՀՀԿ փոխնախագահ, նույնանուն խորհրդարանական խմբակցութեան ղեկավար Գալուստ Սահակեանը: Ըստ նրա, թէեւ դեռ վաղ է կանխատեսել, թէ քաղաքական ուժերից ով որքան ձայն կստանայ, սակայն ենթադրել, թէ որ ուժերը խորհրդարանում յայտնուելու շանսեր ունեն, հնարաւոր է: Գ.Սահակեանի խօսքերով, Ազգային Ժողովում ներկայացուած լինելու իրական հնարաւորութիւն ունեն ակտիւ քաղաքական ուժերը: Դրանց թուին իշխող կուսակցութեան ներկայացուցիչը դասում է խորհրդարանում այժմ ներկայացուած ուժերին ու Հայ ազգային կոնգրեսին: ՀԱԿ-ը, ըստ նրա, պէտք է աւելի շուտ սկսեր ընտրապայքարը, քանի որ նախորդ տարիներին քիչ բան է արել: «ՀԱԿ-ը պէտք է փորձի աւելի ակտիւ լինել` գնալ մարզեր, հանդիպել ժողովրդին: Նաեւ պէտք է վերաձեւակերպի իր ծրագրերը»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը` միաժամանակ նշելով, որ նման խնդիր Հանրապետականը չունի: Քաղաքական մեծամասնութեան խնդիրն, ըստ նրա, այլ է: «Մենք խնդիր ունենք կատարել այն, ինչ ժողովրդին խոստացել ենք նախորդ ընտրութիւններից առաջ»,- ասաց Գ.Սահակեանը, յաւելելով, որ խոստացածը Հանրապետականը դեռեւս լիարժէք չի կատարել, եւ առաջին հերթին ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով: Թէեւ, ըստ նրա, իշխող կուսակցութեանը յաջողուել է ճգնաժամի պայմաններում չկրճատել սոցիալական ծախսերը:
  -   Քաղաքական