Մայր Աթոռ Ս. Էջմիածնում բացուել է Տ. Ներսեհ վրդ. Խալաթեանի նկարների ցուցահանդէսը


Մայր Աթոռ Ս. Էջմիածնում բացուել է Տ. Ներսեհ վրդ. Խալաթեանի նկարների ցուցահանդէսը

  • 25-01-2016 17:26:07   |   |  Մշակոյթ

Յունուարի 24-ին, օրհնութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Գեւորգեան հոգեւոր ճեմարանում տեղի ունեցաւ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան, Քահանայից պատրաստութեան լսարանի պատասխանատու Հոգեշնորհ Տ. Ներսեհ վարդապետ Խալաթեանի` գեղանկարի եւ գրաֆիկայի անհատական ցուցահանդէսի բացման արարողութիւնը, որի շրջանակներում ներկայացուած են 45 նկարներ: 
 
Բացման խօսք ասաց Գեւորգեան հոգեւոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումեանը: 
Այս առիթով շնորհաւորանքի խօսքով հանդէս եկան նաեւ Հայաստանի նկարիչների միութեան նախագահ Կարէն Աղամեանը եւ Էջմիածնի քաղաքապետ Կարէն Գրիգորեանը:
Իր հերթին Ներսեհ վարդապետը շնորհակալութիւն յայտնեց Ամենայն Հայոց Հայրապետին` ընձեռուած հնարաւորութեան համար, ապա, անդրադառնալով իր ստեղծագործական կեանքին, ներկայացրեց ցուցադրուած աշխատանքները:
Այնուհետեւ շարականների կատարումներով հանդէս եկաւ «Սաղմոսերգու» հոգեւոր երաժշտութեան արական երգչախումբը` խմբավարութեամբ Վահէ Բէգոյեանի:
Արարողութեանը ներկայ էին Մայր Աթոռի միաբանները, արուեստագէտներ Գեւորգեան հոգեւոր ճեմարանի սաները եւ այլ հրաւիրեալներ: 
Ցուցահանդէսը գործելու է մինչեւ յունուարի 28-ը:
###
 
  -   Մշակոյթ