Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի Հանրապետութեան դեսպանին
15-02-2016 17:23:28 | | Հասարակութիւն
Փետրուարի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հրաժեշտի հանդիպում ունեցաւ Հայաստանի Հանրապետութիւնում իր դիւանագիտական առաքելութիւնն աւարտող Վրաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան Թենգիզ Շարմանաշուիլիի հետ:
Զրոյցի ընթացքում անդրադարձ կատարուեց երկու երկրների միջեւ պետական տարբեր մակարդակներում ձեւաւորուած համագործակցութեանը, ինչպէս նաեւ հայ եւ վրաց ժողովուրդների դարերի պատմութիւն ունեցող կապերին: Խօսուեց նաեւ Հայոց եւ Վրաց Եկեղեցիների յարաբերութիւնների եւ վիրահայութեան հոգեւոր-եկեղեցական կեանքում առկայ խնդիրների մասին:
Հանդիպման աւարտին, յաջողութիւն մաղթելով դեսպանին յետագայ ծառայութեան ընթացքում, Վեհափառ Հայրապետը յոյս յայտնեց, որ վերջինս կը շարունակի իր աջակցութիւնը բերել հայ-վրացական կապերի առաւել զօրացմանը: