Սինոփսիսի ծրագիրը կրթութիւն է տրամադրում Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի ապագայ ճարտարագետներին<br />


Սինոփսիսի ծրագիրը կրթութիւն է տրամադրում Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի ապագայ ճարտարագետներին

  • 27-10-2010 16:54:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Կիսահաղորդիչների էլեկտրոնային աւտոմատացուած նախագծման, ստուգման եւ արտադրութեան ոլորտի ծրագրային ապահովման եւ մտաւոր սեփականութեան համաշխարհային առաջատար Սինոփսիս ընկերութիւնը (Nasdaq: SNPS) հոկտեմբերի 27-ին յայտարարել է, որ Սինոփսիս Արմէնիայի ուսումնական դեպարտամենտի (ՍԱՈՒԴ) գործընկեր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի եւ Երեւանի պետական համալսարանի բակալավրիատի 54 եւ մագիստրատուրայի 68 շրջանաւարտներ հաջողութեամբ աւարտել են իրենց ուսումը եւ պատրաստ են անցնել մասնագիտական ճարտարագիտական աշխատանքի: Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի 15 ուսանողներ Սինոփսիսի ծրագրային գործիքների ուսուցման դասընթացը հաջողութեամբ աւարտելու համար արժանացան Սինոփսիսի հավաստագրերի: Հայաստանում բարձր տեխնոլոգիաներն ազգային տնտեսութեան գերակայ ճյուղ հայտարարելուց յետոյ ճարտարագիտական մասնագիտութւններով որակեալ կրթութեան ապահովումը դարձաւ գերակայ խնդիր: Այս խնդրից ելնելով` Սինոփսիսը Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) հետ 2004թ.-ին, Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) հետ 2005թ.-ին եւ ՀՌՀ-ի հետ 2007թ.-ին հիմնեց միկրոէլեկտրոնիկայի ճարտարագիտական կրթութեան ուսումնական ծրագրերը: Սինոփսիսի նախագահ եւ գլխաւոր օպերացիոն տնօրէն դոկտ. Չի-Ֆուն Չանը շրջանավրտներին յանձնեց Սինոփսիսի աւարտական վկայականները, իսկ ՀՊՃՀ-ի ռեկտոր Ոստանիկ Մարուխեանը եւ ԵՊՀ-ի ռեկտոր Արամ Սիմոնեանը` իրենց ղեկավարած բուհերի դիպլոմները: «Հայաստանի զարգացող բարձր տեխնոլոգիաների արտադրութեան համար ճարտարագէտներ կրթելու նպատակով մենք շարունակաբար մեծ ծաւալի ներդրումներ ենք կատարում` աջակցելով Հայաստանում կրթական ծրագրի զարգացմանը: Նախորդ վեց տարիներին Հայաստանի միկրոէլեկտրոնիկայի ոլորտի համար աւելի քան 500 որակեալ եւ արտադրութիւնում աշխատելու պատրաստ ճարտարագետ ենք կրթել մեր գործընկեր համալսարանների հետ»,- նշել է Չի-Ֆուն Չանը: Նրա խօսքերով, շրջանաւարտներից շատերն այժմ աշխատում են Սինոփսիս Արմէնիայում կամ բարձր տեխնոլոգիաների ոլորտի տեղական այլ կազմակերպություններում եւ իրենց արժէքաւոր ներդրումն են բերում Հայաստանի միկրոէլեկտրոնիկայի նախագծման արտադրութեան մէջ: «Տարածաշրջանի այն երկրները, որոնք բարձր տեխնոլոգիաների տնտեսութիւնը զարգացնելու ուղիներ են փնտրում, տեխնիկական կրթութիւնը դիտարկում են որպէս էական բաղկացուցիչ: Մեր համալսարանական ծրագրի օգնութեամբ Հայաստանը տարածաշրջանի այլ երկրների շարքում բաւական առաջ է, ինչը Հայաստանին մրցակցային առաւելութիւններ է տրամադրում: Միւս երկրները դեռ նոր սկսում են կրկնօրինակել հայկական մոդելը»,- ասել է Սինոփսիս Արմէնիայի գլխաւոր գործադիր տնօրէն եւ Սինոփսիս ընկերութեան Մարքեթինգի գծով փոխնախագահ Ռիչ Գոլդմանը:
  -   Հասարակութիւն