Երեւանում կայանալու են Ջոյ Կոկերի, Գորան Բրեգովիչի եւ Պլասիդոյ Դոմինգոյի համերգները


Երեւանում կայանալու են Ջոյ Կոկերի, Գորան Բրեգովիչի եւ Պլասիդոյ Դոմինգոյի համերգները

  • 25-10-2010 19:40:21   | Հայաստան  |  Մշակոյթ
«Երեւանեան հեռանկարներ» 11-րդ միջազգային փառատօնի շրրջանակներում հոկտեմբերի 26 -ին Երեւանի Կարէն Դէմիրճեանի անուան Մարզահամերգային համալիրում կը կայանայ աշխարհահռչակ Ջոյ Կոկերի մենահամերգը, որի ժամանակ կը հնչեն վերջինիս «Hard knocks» ձայնասկաւառակի երգերը: Այս մասին հոկտեմբերի 25-ին կայացած մամուլի ասուլիսում տեղեկացրեց նախագահ, արուեստի վաստակաւոր գործիչ, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմեանը: Փառատօնի գլխաւոր մենեջեր Սոնա Յովհաննիսեանը տեղեկացրեց, որ Ջոյ Կոկերի համերգի ամբողջ տոմսերաը գտնւում են համերգի գլխաւոր հովանաւոր «Ամերիայ բանկ»-ի տրամադրութեան տակ, որի պատճառով էլ փառատօնի կազմակերպիչները հնարաւորութիւն չունեն հրաւիրատոմսեր տրամադրել արուեստագէտներին, մտաւորականներին եւ լրագրողներին: «Սակայն եթէ չլինէր «Ամերիայ բանկ»-ը, ոչ մի խոշորամասշտաբ համերգ Հայաստանում տեղի չէր ունենայ»,- խոստաւանեց Սոնա Յովհաննիսեանը: Նա նշեց նաեւ, որ լրագրողները հնարաւորութիւն չեն ունենայ հանդիպելու Ջոյ Կոկերի հետ, քանի որ վերջինս Հայաստան կժամանի համերգից ընդամէնը մի քանի ժամ առաջ: «Երեւանեան հեռանկարներ» 11-րդ միջազգային փառատօնի շրջանակներում նոյեմբերի 15-ին Երեւանի Կարէն Դէմիրճեանի անուան մարզահամերգային համալիրում «Ալկոհոլ» ծրագրով տեղի կ'ունենայ Գորան Բրեգովիչի եւ «Հարսանեկան եւ թաղման» նուագախմբի համերգը: Նոյն փառատօնի շրջանակներում դեկտեմբերի 3-ին նոյն համալիրում ելոյթ կ'ունենայ դարի մեծագոյն տենոր Պլասիդոյ Դոմինգոն: Ըստ փառատօնի գլխաւոր մենեջեր Սոնա Յովհաննիսեանի, երգիչը Հայաստանում կը լինի 3 օր եւ լրագրողների հետ հանդիպում անպայման տեղի կ'ունենայ: Ըստ փառատօնի մենեջերի, համերգի դիրիժորը կը լինի Իսրայէլ Գուրսկին, սոպրանօն` «Գրեմիի» մրցանակակիր Աննա-մարիայ Մարտինեսը: Իսկ փառատօնի նախագահն ընդգծեց, որ հանրայայտ տենորը երգելու է հայկական նուագախմբի հետ «եւ սա կամուրջ է հայ երաժիշտների միջազգային ասպարէզ դուրս գալու առումով»: Փառատօնն անցկացւում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի հովանու ներքոյ` Հայաստանի Մշակոյթի նախարարութեան աջակցութեամբ: 11-րդ միջազգային փառատօնի աշնանային համերգաշրջանում սեպտեմբերի 22-ին Երեւանում առաջին անգամ ելոյթ ունեցաւ Լոնդոնի Թագաւորական ֆիլհարմոնիկ նուագախումբը:
  -   Մշակոյթ