Երեւանում կը բացուի թուրք լուսանկարիչ Աթթիլայ Դուրաքի անհատական ցուցահանդէսը


Երեւանում կը բացուի թուրք լուսանկարիչ Աթթիլայ Դուրաքի անհատական ցուցահանդէսը

  • 03-05-2011 19:34:08   | Հայաստան  |  Մշակոյթ
2011թ.-ի մայիսի 5-30-ը Նորարարական փորձարարական արուեստի կենտրոնում (ՆՊԱԿ) տեղի կ'ունենայ «Էրբու` Թուրքիայի մշակութային բազմազանութեան արտացոլումներ» խորագրով թուրք լուսանկարիչ Աթթիլայ Դուրաքի անհատական ցուցահանդէսը:Այս մասին մայիսի 3-ին հանդիպելով լրագրողների հետ նշեց Նփակ-ի համահիմնադիր եւ գլխաւոր գործադիր տնօրէն Էդուարդ Պալասանեանը միաժամանակ տեղեկացնելով, որ էրբուն թղթի մարմարապատման թուրքերէն արտայայտութիւնն է, որով թուղթը գունազարդւում է եւ կիրառւում որպէս գրքերի ներքին շապիկ եւ քալիգրաֆիայի ֆօն: Լուսանկարչի մօտ այս տերմինը խոհրդանշում է Թուրքիայում մշակութային բազմազանութիւնը: Նփակ-ի տնօրէնը նշեց նաեւ, որ ցուցահանդէսի նպատակը թուրք լուսանկարչի գործերի ներկայացումն է եւ «երկու ժողովուրդների` միմեանց աւելի մօտիկից ճանաչելը»: «Պետութիւններն ու դրանցում ապրող համայնքները բազմաշերտ են, պէտք չէ նրանց միջեւ լինի թշնամութիւն, կարեւոր է, որ մարդիկ իրար ճանաչեն, եւ դրանով շատ խնդիրներ կլուծուէն», -ասաց Է.Պալասանեանը: Իր հերթին հանդիպմանը ներկայ ցուցահանդէսի հեղինակը նշեց, որ թէեւ շատ է յուզուած, բայց երջանիկ է, որ իր աշխատանքը ոչ միայն որպէս արուեստ է ընդունւում, այլեւ օգնում է մարդկանց: «Աշխարհի 10 երկրներում ցուցադրուել է «Էրբուն», սակայն ինձ համար ամենանշանակալին երեւանեան ցուցադրութիւնն է: Այստեղ ցուցադրութեան նպատակն է, որպէսզի մենք ճանաչենք միմեանց»,- ասաց լուսանկարիչը: Նշենք, որ ցուցահանդէսը բացուելու է մայիսի 5-ին, ժամը 17:00 Նփակ-ում: Ցուցահանդէսին հանրութեան դատին կը յանձնուի 203 լուսանկար: Հայաստանեան ցուցադրութեան շրջանակներում «Էրբու` Թուրքիայի մշակութային բազմազանութեան արտացոլումներ» գիրքը, որը թարգմանուել է անգլերէն, ֆրանսերէն եւ գերմաներէն, թարգմանուել է նաեւ արեւելահայերէնով: Աթթիլայ Դուրաքը ծնուել է 1967թ.-ին, Գիւմուշհանէում: Նրա կարիերայում գլխաւոր ցուցահանդէսների շարքին է դասւում 2006թ.-ին Բորդումի «Գալերի ջազ նաու» արուեստի կենտրոնում կազմակերպուած «Փողոցի արձագանքներ» խորագիրը կրող անհատական ցուցահանդէսը, ինչպէս նաեւ կարեւորւում է «Էրբու» նախագիծը, որի աշխատանքները կատարուէել են 2000-2006թթ-ի ընթացքում:
  -   Մշակոյթ