Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շիրակի նորանշանակ մարզպետին


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շիրակի նորանշանակ մարզպետին

  • 10-03-2016 17:24:44   |   |  Հասարակութիւն

Մարտի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Շիրակի նորանշանակ մարզպետ Յովսէփ Սիմոնեանին եւ Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայէլ եպիսկոպոս Աջապահեանին: 
 
Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշանակման առիթով շնորհաւորեց մարզպետին եւ յաջողութիւններ մաղթեց նրա ծառայութեանը: Նորին Սրբութիւնը յաւելեց, որ դժուարին առաքելութիւն է Շիրակի մարզպետ լինելը, քանի որ մարզում տակաւին վերացուած չեն երկրաշարժի աւերիչ հետեւանքները:
Այս կապակցութեամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակութեամբ արձանագրեց, որ Միքայէլ Սրբազանը եւս մասնակից է մարզի բնակչութեան խնդիրների կարգաւորմանն ուղղուած սոցիալական ծրագրերին եւ իբրեւ «Գիւմրին առանց տնակների» ծրագրի հոգաբարձուների խորհրդի նախագահ` իր աջակցութիւնն է բերելու Գիւմրու կարիքաւոր ընտանիքներին: 
Իր հերթին տիար Յովսէփ Սիմոնեանը վստահութիւն յայտնեց, որ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի եւ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնութեամբ աւելի արդիւնաւէտ կերպով կը կարողանայ կատարել իր պարտականութիւնները: Նա խօսեց նաեւ մարզպետարանի եւ թեմի միջեւ առկայ ջերմ ու գործակցային յարաբերութիւնների մասին` պատրաստակամութիւն յայտնելով ըստ ամենայնի զօրակցելու Հայ Եկեղեցու ազգանպաստ առաքելութեանը:
Վերջում Նորին Սրբութիւնը Շիրակի մարզպետին մաղթեց Աստծու օրհնութեան ներքոյ փառքով եւ պատուով իրականացնելու իր ծառայութիւնը:
Զրոյցի ընթացքում անդրադարձ կատարուեց մարզի սոցիալական խնդիրներին, ինչպէս նաեւ հոգեւոր կեանքին ու եկեղեցաշինութեան ծրագրերին:
 
  -   Հասարակութիւն