Ի Տէր յանգչեց Տ. Դաւիթ արքեպիսկոպոս Սահակեանը


Ի Տէր յանգչեց Տ. Դաւիթ արքեպիսկոպոս Սահակեանը

  • 16-03-2016 16:45:12   |   |  Հասարակութիւն

Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդարանից Մայր Աթոռ Ս. Էջմիածին տեղեկացուել է, որ մարտի 15-ին, կեանքի 81-րդ տարում, վախճանուել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագոյն միաբաններից Գերաշնորհ Տ. Դաւիթ արքեպիսկոպոս Սահակեանը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանութիւնը խորապէս ցաւում եւ սգում են բարեյիշատակ Դաւիթ Սրբազանի վախճանը:
Մարտի 21-ին Լիոնի Ս. Յակոբ եկեղեցում կը կատարուի հանգուցեալ Սրբազան Հօր վերջին օծումը, ապա յուղարկաւորութեան արարողութիւնը:
Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի:
 
ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ
 
Տ. Դաւիթ արքեպիսկոպոս Սահակեանը ծնուել է 1935 թ. Երուսաղէմում: Նախնական կրթութիւնը ստացել է Երուսաղէմի Թարգմանչաց վարժարանում եւ իտալական «Տերրայ Սանտա» քոլեջում:
1951-1957 թթ. սովորել է Երուսաղէմի Ժառանգաւորաց վարժարանում:
1957 թ. ձեռամբ Գերաշնորհ Տ. Տիրան արքեպիսկոպոս Ներսոյեանի ձեռնադրուել է կուսակրօն քահանայ:
1957-1960 թթ. վարել է տպարանի եւ Գիւլբենկեան մատենադարանի տեսչութիւնները, միաժամանակ դասաւանդել Ժառանգաւորաց եւ Թարգմանչաց վարժարաններում:
1960 թ. նշանակուել է Ամմանի (Յորդանան) հոգեւոր հովիւ եւ Հեթումեան վարժարանի տեսուչ:
1960 թ. ձեռամբ Երուսաղէմի Հայոց Պատրիարք Ամենապատիւ Տ. Եղիշէ արքեպիսկոպոս Տէրտէրեանի ստացել է մասնաւոր վարդապետութեան 4 աստիճանները:
1965 թ.Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգէն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ ստացել է ծայրագոյն վարդապետութեան աստիճան:
1964-1973 թթ. եղել է Լիոնի եւ շրջակայքի հոգեւոր հովիւը:
1973-1976 թթ. եղել է շուեյցարահայ համայնքի հոգեւոր հովիւը:
1976 թ. ձեռամբ Վազգէն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ստացել է եպիսկոպոսական ձեռնադրութիւն եւ օծում, ապա նշանակուել Կենտրոնական Ֆրանսիայի հայրապետական պատուիրակի փոխանորդ:
1980 թ. նշանակուել է Հարաւային Ամերիկայի կաթողիկոսական պատուիրակ:
1983-1985 թթ. ծառայել է Գերմանիայի հայկական համայնքում:
1986-88 թթ. ծառայել է Փարիզի Ս. Յովհաննէս Մկրտիչ հայկական եկեղեցում:
1988 թ. վերադարձել է Երուսաղէմ եւ նշանակուել է Սուրբ Աթոռի դիւանապետ եւ ընծայարանի դասախօս:
1990 թ. ընտրուել է Սուրբ Աթոռի լուսարարապետ եւ միաժամանակ վարել կրթական ու վարչական պաշտօններ:
1991 թ. Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգէն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից արժանացել է արքութեան պատուին:
1997 թ. վերադարձել է ծառայութեան Լիոն:
1979 թ. Ֆրանսիական կառավարութեան կողմից ստացել է «Ակադեմիական արմաւենի» շքանշանի ասպետի աստիճան:
1997 թ. քահանայական ձեռնադրութեան քառասնամեակի առթիւ ստացել է Արժանիքների ազգային շքանշանի ասպետի աստիճան:
Վերջին տարիներին Դաւիթ Սրբազանը, վաստակեալ յանգստի կոչուած լինելով, իր հոգեւոր ծառայութիւնը շարունակում էր բերել Մայր Աթոռ Ս. Էջմիածնում եւ Ֆրանսիայի հայոց թեմում:
 
 
 
  -   Հասարակութիւն