Լիտվայի Սեյմասի փոխնախագահը պարգեւատրուել է Հայաստանի ԱԺ Պատւոյ մեդալով<br />


Լիտվայի Սեյմասի փոխնախագահը պարգեւատրուել է Հայաստանի ԱԺ Պատւոյ մեդալով

  • 18-10-2010 14:52:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Լիտվայի Սեյմասի կողմից Հայոց ցեղասպանութեան բանաձեւի ընդունման եւ հաստատման գործընթացին աջակցելու համար Լիտվայի Սեյմասի (խորհրդարանի) փոխնախագահ, Լիտվա-Հայաստան բարեկամութեան խմբի ղեկավար Ալգիս Կաշետան ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամեանի կարգադրութեամբ պարգեւատրուել է ՀՀ ԱԺ Պատւոյ մեդալով: Այս մասին «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ ԱԺ Հասարակայնութեան եւ տեղեկատուութեան միջոցների հետ կապերի վարչութիւնից: Հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ-ում լիտվացի հիւրին յանձնելով պարգեւը, Հ.Աբրահամեանը բարձր է գնահատել Ա.Կաշետայի ներդրումը Լիտվայի Սեյմասի կողմից Հայոց ցեղասպանութեան ճանաչման գործընթացում եւ նշել, որ նրա այցը կնպաստի Հայաստանի եւ Լիտվայի միջեւ երկկողմ յարաբերութիւնների ակտիւացմանն ու զարգացմանը: Հաշուի առնելով, որ Ա.Կաշետան Լիտվա-Հայաստան բարեկամութեան խմբի ղեկավարն է, ՀՀ ԱԺ նախագահը համոզմունք է յայտնել, որ այցը լուրջ ազդակ կլինի նաեւ միջխորհրդարանական կապերի աշխուժացման առումով: Շնորհակալութիւն յայտնելով բարձր պարգեւի համար, նշել է, որ սա Լիտվայի Սեյմասի ու այն պատգամաւորների պարգեւն է, ովքեր աշխատում են յանուն երկու երկրների կապերի ամրապնդման: Նա յայտարարել է, որ մարդկութեան դէմ յանցագործութիւնները պէտք է դատապարտուեն, եւ 2005 թուականի դեկտեմբերի 15-ին Լիտվայի Հանրապետութեան Սեյմասը, նշելով հայ ժողովրդի ցեղասպանութեան 90-րդ տարելիցը, ընդունել է Հայոց ցեղասպանութեան ճանաչման վերաբերեալ բանաձեւ, որում, դատապարտելով 1915թ.-ին Օսմանեան Թուրքիայի կայսրութիւնում իրականացուած հայ ժողովրդի ցեղասպանութիւնը, կոչ է արել Թուրքիային ճանաչել այդ պատմական իրողութիւնը: Ա.Կաշետան վստահութիւն է յայտնել, որ երկու երկրների ու ժողովուրդների միջեւ բարեկամական կապերն ու համագործակցութիւնը կշարունակուեն ու կզարգանան:
  -   Քաղաքական