Աւարտուել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսի այցը Արցախ


Աւարտուել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսի այցը Արցախ

  • 15-04-2016 18:30:46   |   |  Մամլո հաղորդագրություն

Ապրիլի 14-ի երեկոյեան, աւարտելով երկօրեայ այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւն, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսը վերադարձան Մայր Աթոռ Ս. Էջմիածին:
 
Այցի ընթացքում տեղի ունեցած հանդիպումների եւ արարողութիւնների ժամանակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսն իրենց զօրակցութիւնը յայտնեցին ԼՂՀ իշխանութիւններին, Արցախի ժողովրդին ու Պաշտպանութեան բանակին` աղօթելով, որ Աստուած խաղաղութիւն պարգեւի Արցախ աշխարհին: 
Գարեգին Բ Կաթողիկոսը Արցախին փոխանցեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի եւ թեմերի կողմից հանգանակուած հինգ հարիւր հազար ԱՄՆ դոլար գումար: Նոյնքան գումար Արամ Ա Կաթողիկոսը փոխանցեց նոյն նպատակի համար Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան եւ թեմերի կողմից:
Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսի կոչով կազմակերպուած հանգանակութիւնները թեմերում կը շարունակուեն:
 
  -   Մամլո հաղորդագրություն