Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ղազախստանի նորանշանակ դեսպանին


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ղազախստանի նորանշանակ դեսպանին

  • 14-06-2016 16:07:54   |   |  Մամլո հաղորդագրություն

Յունիսի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետութիւնում Ղազախստանի Հանրապետութեան նորանշանակ արտակարգ եւ լիազօր դեսպան Թիմուր Ուրազաեւին:
 
Նշանակման առիթով շնորհաւորելով դեսպանին` Նորին Սրբութիւնը արդիւնաւոր գործունէութիւն մաղթեց նրան ի նպաստ երկու ժողովուրդների միջեւ եղբայրական կապերի առաւել սերտացման: Վեհափառ Հայրապետը գոհունակութեամբ անդրադարձ կատարեց երկու պետութիւնների միջեւ առկայ գործակցութեանը` յաւելելով, որ դրան նպաստում է նաեւ Ղազախստանում հայ համայնքի առկայութիւնը եւ վերջինիս ակտիւ ներգրաւուածութիւնը երկրի տարբեր ոլորտներում:
Նորին Սրբութիւնը, ի դէմս դեսպանի, նաեւ իր վշտակցութիւնը յայտնեց Ղազախստանի ողջ ժողովրդին վերջերս Ակտոբէ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական գործողութիւնների կապակցութեամբ, որոնց զոհ գնացին անմեղ քաղաքացիներ: Այս առնչութեամբ, խօսելով մարդկութեան առջեւ ծառացած մարտահրաւէրների մասին, Նորին Սրբութիւնը կարեւոր նկատեց հոգեւոր եւ քաղաքական առաջնորդների ջանքերի մէկտեղումը` յանուն հոգեւոր-բարոյական արժէքների զօրացման եւ խաղաղութեան հաստատման: 
Զրոյցի ընթացքում Վեհափառ Հայրապետը գնահատանքով անդրադարձաւ նախագահ Ն. Նազարբաեւի նախաձեռնութեամբ Ղազախստանում պարբերաբար գումարուող համաշխարհային եւ աւանդական կրօնների հոգեւոր առաջնորդների գագաթնաժողովների դերակատարութեանը` կարեւորելով նման համախմբումների անհրաժեշտութիւնը մարդկութեան խաղաղ կեանքի կերտման գործում:
Դեսպան Թ. Ուրազաեւը, խօսելով երկու ժողովուրդների բարեկամութեան եւ երկրների գործակցութեան մասին, ընդգծեց ժողովուրդների միջեւ հոգեւոր, մշակութային կապերի առաւել զօրացման անհրաժեշտութիւնը: Ղազախստանի դեսպանը նաեւ կարեւորեց համատեղ քայլերի ձեռնարկումը` ի խնդիր մարդկային կեանքն արատաւորող երեւոյթների կանխարգելման: Այս կապակցութեամբ դեսպանը շնորհակալութիւն յայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին` համաշխարհային եւ աւանդական կրօնների հոգեւոր առաջնորդների գագաթնաժողովների կազմակերպման գործում Հայ Եկեղեցու կողմից ցուցաբերուող զօրակցութեան համար:
 
  -   Մամլո հաղորդագրություն