Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Գլոբալ բրիդջիզ» միջազգային կազմակերպութեան անդամներին


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Գլոբալ բրիդջիզ» միջազգային կազմակերպութեան անդամներին

  • 14-06-2016 18:22:26   |   |  Մամլո հաղորդագրություն

Յունիսի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչէ եւ Թամար Մանուկեան» մատենադարանում ընդունեց «Գլոբալ բրիդջիզ»  միջազգային կազմակերպութեան անդամներին՝ ուղեկցութեամբ ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Բերնյարդ Մաթիաս Քիսլերի: 
 
Հանդիպման սկզբում, շնորհակալութիւն յայտնելով Նորին Սրբութեանը ընդունելութեան համար, դեսպան Քիսլերը կարեւորեց «Գլոբալ բրիդջիզ»-ի հերթական կոնֆերանսի անցկացումը Հայաստանում, որի նպատակն է մերձեցնել տարբեր ազգութեան երիտասարդների, խթանել նրանց միջեւ համագործութիւնն ու համատեղ ծրագրերի իրականացումը:
Ողջունելով հիւրերին` Ամենայն Հայոց Հայրապետը կարեւորեց կազմակերպութեան անդամների համագործակցութիւնը Հայաստանի երիտասարդութեան հետ եւ յոյս յայտնեց, որ նման կապերի հաստատումը դրական ներգործութիւն կ'ունենայ նաեւ տարածաշրջանի խնդիրների եւ մարտահրաւէրների յաղթահարման հարցում: Այս կապակցութեամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, մասնաւոր անդրադարձ կատարելով ղարաբաղեան հակամարտութեանը, ընդգծեց, որ «Գլոբալ բրիդջիզ» կազմակերպութիւնը, հաւատարիմ իր առաքելութեանը, կարող է իր ներդրումն ունենալ հակամարտութեան խաղաղ կարգաւորման գործընթացում՝ երկխօսութիւն ձեւաւորելով հայ եւ ադրբեջանցի երիտասարդութեան միջեւ:
Արգասաբեր գործունէութիւն եւ առաքելութիւն մաղթելով կազմակերպութեան անդամներին` Գարեգին Բ Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ երիտասարդութիւնն ապագայի իր տեսլականով, կեանքը բարեփոխելու վճռականութեամբ եւ նախանձախնդրութեամբ պիտի կարողանայ ջանքերի համադրմամբ դրական արդիւնքներ արձանագրել աշխարհի բարօրութեան կերտման, մարդկանց խաղաղ համակեցութեան, ազգերի եւ պետութիւնների միջեւ գործակցութեան հաստատման ոլորտներում:
Զրոյցի ընթացքում Նորին Սրբութիւնը, ի դէմս ՀՀ-ում Գերմանիայի դեսպանի, խորին երախտագիտութիւն յայտնեց Գերմանիայի իշխանութիւններին եւ ողջ ժողովրդին Բունդեսթագի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչման բանաձեւի ընդունման առնչութեամբ:
Հանդիպման վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին ղարաբաղեան հակամարտութեանը, Թուրքիայում ազգային եւ կրօնական փոքրամասնութիւների խնդիրներին, ինչպէս նաեւ ժամանակակից մարտահրաւէրների լուծմանն ուղղուած Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ջանքերին:
Հանդիպմանը ներկայ էր Մայր Աթոռի Արտաքին յարաբերութիւնների եւ արարողակարգի բաժնի տնօրէն Տ. Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանը:
 
  -   Մամլո հաղորդագրություն