Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Հռոմի Պապն այցելել են Ծիծեռնակաբերդ


Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Հռոմի Պապն այցելել են Ծիծեռնակաբերդ

  • 25-06-2016 13:23:44   | Հայաստան  |  Հասարակութիւն

Յունիսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Հռոմի Սրբազան Քահանայապետ Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոս Պապն այցելեցին Ծիծեռնակաբերդի յուշահամալիր, ուր երկու Հովուապետերին դիմաւորեցին Հայաստանի Հանրապետութեան Նախագահ Սերժ Սարգսեանը եւ առաջին տիկին Ռիտա Սարգսեանը:
 
Եկեղեցականների թափօրը պատուոյ պահակների առաջնորդութեամբ ուղղուեց դէպի Հայոց Ցեղասպանութեան նահատակների յուշարձան: Յուշակոթող տանող ճանապարհին կանգնած էին մանուկներ Հայոց Ցեղասպանութեան նահատակների սրբապատկերներով: Ի յիշատակ նահատակների ծաղկեպսակի զետեղումից յետոյ հնչեց Վատիկանի պետական օրհներգը: 
Այնուհետեւ անմար կրակի առջեւ, հանդիսապետութեամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու Հռոմի Ֆրանցիսկոս Պապի, կատարուեց բարեխօսական կարգ, որի ժամանակ հնչեց Հայոց Ցեղասպանութեան սուրբ նահատակներին նուիրուած «Հրաշացան պակուցմամբ» շարականը, երկու Եկեղեցիների հոգեւորականների կողմից ընթերցուեցին սուրբգրային հատուածներ, սաղմոսներ եւ քարոզներ: 
Արարողութիւնն ամփոփուեց Հռոմի Ֆրանցիսկոս Պապի աղօթքով, որով Սրբազան Քահանայապետը հայցեց յանուն հաւատքի եւ հայրենեաց իրենց կեանքն ընծայաբերած սուրբ նահատակների բարեխօսութիւնը հայոց ազգի եւ համայն աշխարհի համար: Արարողութեան աւարտին հնչեց հայկական դուդուկ Հայաստանի ժողովրդական արտիստ Ջիւան Գասպարեանի, վաստակաւոր արտիստներ Գեւորգ Դաբաղեանի եւ Կամօ Սեյրանեանի կատարմամբ:
Վերջում ՀՀ Նախագահը եւ երկու Հովուապետերն այցելեցին Յիշողութիւնների պուրակ, որտեղ Ֆրանցիսկոս Պապը ջրեց իր անուամբ տնկուած մշտադալար եղեւնին:
Ծիծեռնակաբերդի յուշահամալիր այցի աւարտին Ֆրանցիսկոս Պապին մօտեցան Հայոց ցեղասպանութիւնը վերապրածների մի խումբ ժառանգներ, որոնց նախնիները Մեծ Եղեռնի տարիներին Պիուս ԺԱ Պապի որոշմամբ ապաստան էին գտել պապական Կաստել Գանդոլֆոյ դղեակ-ամառանոցում:
Հռոմի Սրբազան Քահանայապետը նաեւ գրառում կատարեց պատուոյ հիւրերի մատեանում. «Այստեղ աղօթում եմ՝ ցաւը սրտիս մէջ, որպէսզի այլեւս երբէք նման ողբերգութիւններ, ինչպիսին սա է, չկրկնուեն, որպէսզի մարդկութիւնը չմոռանայ եւ իմանայ չարութեանը բարութեամբ յաղթել: Թող Աստուած պարգեւի սիրեցեալ հայ ժողովրդին եւ ամբողջ աշխարհին խաղաղութիւն եւ մխիթարութիւն: Աստուած պահպանի հայ ժողովրդի յիշողութիւնը: Յիշողութիւնը չի կարելի ոչ պղտորել, ոչ մոռանալ: Յիշողութիւնը խաղաղութեան եւ ապագայի աղբիւրն է»:
 
  -   Հասարակութիւն