Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արեւելեան թեմի ուխտաւորների


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արեւելեան թեմի ուխտաւորների

  • 11-07-2016 15:45:19   |   |  Մամլո հաղորդագրություն

 
 
Յուլիսի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արեւելեան թեմի աւելի քան 30 ուխտաւորների` ուղեկցութեամբ Բոստօնի Ս. Երրորդութիւն եկեղեցու հոգեւոր հովիւ Արժանապատիւ Տ. Վազգէն քահանայ Կուզույեանի եւ Մինեսոտայի Ս. Սահակ եկեղեցու հոգեւոր հովիւ Արժանապատիւ Տ. Թադէոս քահանայ Բարսեղեանի:
Հանդիպմանն Ամենայն Հայոց Հայրապետը, ողջունելով ուխտաւորներին, գոհունակութեամբ նշեց, որ հաճելի է տեսնել նրանց ներկայութիւնը Հայրենիքում եւ յատկապէս համայն հայութեան հոգեւոր կենտրոն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում: Հայոց Հայրապետը կարեւորեց աշխարհասփիւռ հայոց թեմերից նման ուխտագնացութիւնների կազմակերպումը, որոնց շնորհիւ հայորդիները հնարաւորութիւն են ունենում իրենց ուխտը վերանորոգելու եւ ոգեշնչուելու, ինչպէս նաեւ առաւել զօրանալու իրենց ազգային ինքնութեամբ: 
Իր հայրապետական օրհնութիւնը բերելով ուխտաւորներին` Նորին Սրբութիւնը բարձր գնահատեց նրանց հաւատարմութիւնը հանդէպ հայոց նուիրական սրբութիւնները եւ ազգային հարուստ ժառանգութիւնը: Վեհափառը վերյիշեց նաեւ ԱՄՆ Հայոց Արեւելեան թեմ իր կողմից կատարուած հովուապետական այցելութիւնները, որոնց ընթացքում մշտապէս նկատելի է եղել սէրը Հայ Եկեղեցու նկատմամբ եւ բացառիկ նուիրումը ազգային-եկեղեցական կեանքին:
Վերջում Նորին Սրբութիւնն առ Աստուած աղօթքով մաղթեց, որ Տէրն իր մշտական օրհնութեան ներքոյ պահի ու պահպանի ամէնքին սիրոյ եւ նախանձախնդրութեան բարձր գիտակցութեան մէջ:
Զրոյցի ընթացքում Հայոց Հովուապետը պատասխանեց նաեւ ուխտաւորների հարցերին:
###
 
  -   Մամլո հաղորդագրություն