Արմէնական-ՌԱԿ-ը պահանջում է անյապաղ ազատ արձակել<br /> «մարտիմեկյան» գործով դեռեւս կալանքի տակ գտնուողներին<br />


Արմէնական-ՌԱԿ-ը պահանջում է անյապաղ ազատ արձակել
«մարտիմեկյան» գործով դեռեւս կալանքի տակ գտնուողներին

  • 01-03-2010 15:28:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի մարտիմեկյան իրադարձութիւնների 2-րդ տարելիցի կապակցութեամբ Արմէնական-Ռամկավար Ազատական կուսակցութեան հանրապետական վարչութիւնը հանդէս է եկել յայտարարութեամբ, որում ասուած է. «Մարտի 1-ին լրանում է անկախ Հայաստանի պատմութեան ամենատխուր էջերից մէկի` մարտիմեկյան ողբերգութեան 2-րդ տարելիցը: Այդ ողբերգութիւնը բացայայտեց, որ Հայաստանի Հանրապետութիւնում դեռեւս քաղաքական պայքարի մշակոյթ այդպէս էլ չի ձեւաւորուել: Այդ ողբերգական օրերին իշխանական աթոռների համար ընթացող պայքարում կողմերը գնում էին անխուսափելի առճակատման, անօրինական քայլերի, որոնց զոհը դարձան անմեղ մարդիկ: Ու չնայած ողբերգական այդ օրերից անցել է 2 տարի, սակայն մարտիմեկյան իրադարձութիւններին չի տրուել ընդհանուր քաղաքական գնահատական, կողմերը ընդամէնը փորձում են շահարկել այդ դէպքերը` միմեանց տարատեսակ մեղադրանքներ ներկայացնելով: Դատական գործընթացները եւ ստեղծուած տարբեր յանձնախմբերը դժբախտաբար չկարողացան համոզիչ եւ ամբողջական ներկայացնել տեղի ունեցածը: Այդպէս էլ չպարզվեց, եւ դատական ատեանների առաջ չկանգնեցին նրանք, ովքեր իրական մեղաւորներն էին այդ իրադարձութիւնների: Արդիւնքում դատարաններում եւ բանտերում յայտնուեցին նաեւ շատ մարդիկ, ովքեր փաստացի քաղաքական հետապնդումների ենթարկվեցին: Արմէնական-Ռամկավար Ազատական կուսակցութիւնը յայտարարում է, որ մարտիմեկյան ողբերգութեան իրական մեղաւորը ընդդիմութեան անհեռատես եւ անպատասխանատու ղեկավարութիւնն էր, իսկ պատասխանատուն` ժողովրդի բողոքին անտարբեր ու միայն բիրտ ուժին ապավինող իշխանութեան բարձրագոյն օղակը: Հաշուի առնելով, որ մարտիմեկյան գործով պատասխանատւութեան չկանչվեցին իրական բոլոր պատասխանատուները, Արմէնական-ՌԱԿ-ը պահանջում է անյապաղ ազատ արձակել այդ գործով դեռեւս կալանքի տակ գտնուողներին, յարգել անմեղ զոհերի յիշատակը, դադարեցնել ամէն մի շահարկում, եւ, միաժամանակ, համոզիչ երաշխիքներ տալ, որ նման վայրենի առճակատումներ այլեւս չեն կրկնվի ժողովրդավարութիւնը որպէս դավանանք ընդունած մեր երկրում»:
  -   Քաղաքական