Աւարտուեց Հայ Եկեղեցու եկեղեցական կառոյցների եւ ՀԲԸՄ երկօրեայ միացեալ ժողովը


Աւարտուեց Հայ Եկեղեցու եկեղեցական կառոյցների եւ ՀԲԸՄ երկօրեայ միացեալ ժողովը

  • 03-11-2016 13:15:02   |   |  Հասարակութիւն

Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ԱՄՆ Հայոց Արեւելեան թեմի առաջնորդարանում (Նիւ Եօրք) գումարուեց Գերագոյն հոգեւոր խորհրդի, ԱՄՆ Հայոց Արեւելեան թեմի, ԱՄՆ Հայոց Արեւմտեան թեմի, Կանադայի հայոց թեմի թեմական խորհուրդների դիւանների եւ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան կենտրոնական մարմնի անդամների միացեալ ժողովը:
 
Երկօրեայ ժողովի ընթացքում «Եկեղեցին տանել դէպի ժողովուրդը, հասնել Հիւսիսային Ամերիկայում ապրող հայութեանը» կարգախօսի ներքոյ քննարկուեցին Հիւսիսային Ամերիկայում բնակուող հայութեան, յատկապէս երիտասարդ սերնդի առջեւ ծառացած մարտահրաւէրներին, դրանց յաղթահարման գործում Հայոց Եկեղեցու եւ ազգային այլ կառոյցների կողմից ցուցաբերուող զօրակցութեանը եւ երիտասարդութիւն-Եկեղեցի կապի ամրապնդմանը, ազգային ինքնութեան պահպանութեանը վերաբերող հարցեր։ Կարեւորուեց համաշխարհայնացման եւ աշխարհիկացման պայմաններում հայրենանուէր ու եկեղեցասէր հայ երիտասարդի կերպարի ձեւաւորման եւ ազգային զգացումների զօրացման համար անհրաժեշտ քայլերի ձեռնարկումը։
Առաջին օրը Գերագոյն հոգեւոր խորհրդի գործունէութեան մասին ժողովին համառօտ տեղեկանք ներկայացրեց Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի դիւանապետ Գերաշնորհ Տ․ Արշակ եպիսկոպոս Խաչատրեանը։ 
Ժողովի ընթացքում Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան եւ Հայաստանեայց Առաքելական Ս․ Եկեղեցու միջեւ առկայ սերտ յարաբերութիւններին եւ համագործակցութեանն անդրադարձ կատարեց ՀԲԸՄ նախագահ տիար Պերճ Սեդրակեանը։ Մասնաւորապէս խօսուեց ջանքերի մէկտեղման անհրաժեշտութեան մասին ի նպաստ Հիւսիային Ամերիկայի հայութեան եւ նրա ազգային-հոգեւոր կեանքի խթանման։ Այս կապակցութեամբ ՀԲԸՄ նախագահը Միութեան անունից պատրաստակամութիւն յայտնեց զօրավիգ լինելու Հայոց Եկեղեցուն։
«Հայաստանեայց Եկեղեցին Հիւսիսային Ամերիկայում» բանախօսութեամբ հանդէս եկաւ ԱՄՆ Հայոց Արեւելեան թեմի Հասարակայնութեան հետ կապերի բաժնի պատասխանատու Քրիստոֆեր Յակոբ Զաքեանը՝ տեղեկութիւններ փոխանցելով 1891 թ․ առաջին հայկական եկեղեցու հաստատման, Ամերիկայում Հայոց Եկեղեցու պատմութեան եւ զարգացման վերաբերեալ։ Նա խօսեց նաեւ 19-րդ դարի կէսերին Ամերիկայում հայերի հաստատման եւ հայկական ներգաղթի եօթ շրջանների մասին՝ անդրադառնալով մասնաւորապէս հայ համայնքի կեանքի տարբեր ժամանակաշրջաններում առաջնահերթութիւնների փոփոխութեանը։ Բանախօսը վիճակագրական տուեալներ ներկայացրեց Ամերիկայի հայոց երեք թեմերի հաւատացեալների ազգային-եկեղեցական կեանքում ներգրաւուածութեան մասին։ 
«Հաւատքի եւ մշակոյթի համեմատական պատկերը․ իրողութիւններ Հիւսիսային Ամերիկայում» թեմայի շուրջ զեկոյց ներկայացրեց Լաֆայետ քոլեջի պատմութեան դասախօս դոկտ․ Ռեյչլ Կօշկարեանը։ Բանախօսը ներկայացրեց դեռեւս 2005 թ․ Արեւելեան թեմում դոկտոր Սառա Տէրեանի կատարած ուսումնասիրութեան արդիւնքները։ Երիտասարդ ու տարէց հոգեւորական եւ աշխարհական ամերիակահայերի հետ անցկացուած հարցազրոյցների հիման վրայ իրականացուած ուսումնասիրութիւնը ցոյց տուեց հայութեան տարբեր խմբերի՝ Հայ Եկեղեցու առաքելութեան վերաբերեալ ունեցած ընկալումները։ Դոկտ․ Կօշկարեանը  զեկոյցն եզրափակեց ԱՄՆ-ի հայերին հասնելու եւ եկեղեցական կեանքում ներգրաւելու հնարաւոր ուղիների առաջարկներով։
ԱՄՆ Հայոց Արեւմտեան թեմի թեմական խորհրդի ատենապետ դոկտ․ Ջոզեֆ Քանիմեանը ներկայացրեց «Եթէ ես կարողանայի շտկել որեւէ բան, իմ եկեղեցու սրահը լի կը լինէր այցելուներով․․․» բանախօսութիւնը Հայոց Եկեղեցու առաքելութեան ապագայի տեսլականի մասին։
«Երիտասարդութիւնը եւ Եկեղեցին․ իրենց իսկ խօսքերով» եւ «Հոգեւոր հովիւների նկատառումներն իրենց հովուական կեանքի վերաբերեալ» թեմաների շուրջ տեղի ունեցան նաեւ քննարկումներ, որոնք վարեցին դոկտ․ Նիկոլ Վարդանեանը եւ դոկտ․ Վարուժան Ալթըպարմաքեանը։ Քննարկումներին իրենց մասնակցութիւնը բերեցին չորս երիտասարդ աշխարհականներ եւ հոգեւորականներ Ամերիկայի հայոց թեմերից, ինչպէս նաեւ ՀԲԸՄ «Երիտասարդ պրոֆէսիոնալներ» ծրագրից, ովքեր իրենց պատկերացումներն ու առաջարկները ներկայացրեցին Եկեղեցի-երիտասարդութիւն յարաբերութիւնների եւ դրանց ապագայի, երիտասարդների հետ եկեղեցականների հովուական ծառայութեան խնդիրների վերաբերեալ։  
Ժողովի երկրորդ օրը ժողովականները հիմնականում կենտրոնացան առաջին օրը ներկայացուած նիւթերի քննարկման վրայ։ 
«Երիտասարդութիւն. յաջորդող քայլեր» խորագրի ներքոյ քննարկումը վարեց տիկին Արդայ Յարաթունեանը։ «Հոգեւորականութիւն. յաջորդող քայլեր» խորագրի ներքոյ քննարկումը վարեց դոկտ․ Վարուժան Ալթըպարմաքեանը։ Քննարկումների ժամանակ ներկայացուեցին տարբեր տեսակէտներ հովուական ծառայութեան եւ նրա խնդիրների վերաբերեալ։ Արձանագրուեց նաեւ, որ ցուցաբերուող հոգեւոր խնամքի ընթացքում, ի շարս տարբեր խնդիրների, Հիւսիսային Ամերիկայում Հայ Եկեղեցու կեանքում առկայ բաժանեալ հակականոնական վիճակը եւս որոշակի դժուարութիւններ է ստեղծում հոգեւոր ծառայութեան կազմակերպման եւ արդիւնաւէտ իրականացման գործում։
Ժողովի արդիւնքում արձանագրուեց, որ անհրաժեշտ է տարբեր նախաձեռնութիւններով ու ծրագրերով առաւել զօրացնել կապը Եկեղեցու եւ երիտասարդութեան միջեւ, հաղորդ լինելով հայ երիտասարդութեան առջեւ ծառացած խնդիրներին՝ քայլեր ձեռնարկել դրանք բարուոք լուծման առաջնորդելու համար։ 
Այս նպատակով որոշուեց․
ա․ ձեւաւորել Ամերիկայի երեք թեմերի երիտասարդական կառոյցների եւ ՀԲԸՄ «Երիտասարդ պրոֆէսիոնալներ» ծրագրի ներկայացուցիչներից կազմուած աշխատանքային խումբ, որը ինը ամիսների ընթացքում կը քննարկի ժողովին արծարծուած նիւթերը եւ համապատասխան ռազմավարութեան եւ ծրագրերի մշակման ուղղութեամբ զեկոյց կը ներկայացնի Գերագոյն հոգեւոր խորհրդին,
բ․ օրհնութեամբ Ամենայն Հայոց Հայրապետի 2018 թուականը հռչակել երիտասարդութեան տարի, որը կպսակուի Հայրենիքում եւ Մայր Աթոռ Ս․ Էջմիածնում կազմակերպուելիք երիտասարդական հաւաքով,
գ․ թեմերում հովուական ծառայութեան կոչուող երիտասարդ եկեղեցականների համար որոշակի ժամանակաշրջանով նշանակել հովուական առաքելութեան հոգեւոր խորհրդատուներ՝ անհրաժեշտ փորձառութիւն փոխանցելու նպատակով,
դ․ ստեղծել յանձնախումբ՝ երեք ամսուայ ընթացքում ներկայացնելու հովուական առաքելութեան հոգեւոր խորհրդատուների ծրագիր, որը կիրառութեան կը դրուի Հիւսիսային Ամերիկայի թեմերում։
Ժողովի ընթացքում Գերագոյն հոգեւոր խորհուրդը ԱՄՆ Հայոց Արեւելեան թեմի, ԱՄՆ Հայոց Արեւմտեան թեմի, Կանադայի հայոց թեմի թեմական խորհուրդների դիւանների եւ ՀԲԸՄ կենտրոնական մարմնի ներկայացուցիչների հետ քննարկեց նաեւ ազգային-եկեղեցական կեանքին վերաբերող տարբեր խնդիրներ։ Մասնաւորապէս անդրադարձ կատարուեց Արցախի եւ արցախահայութեան կեանքին, կարեւորուեց աշխարհասփիւռ հայ ժողովրդի եւ ազգային, եկեղեցական կառոյցների ջանքերի մէկտեղումը՝ ի զօրակցութիւն Արցախի։ Քննարկումների արդիւնքում որոշուեց ստեղծել յանձնախումբ, որը հետեւողական աշխատանք կ'իրականացնի մասնաւորապէս ղարաբաղեան հակամարտութեան ընթացքում տուժածներին օգտակարութիւն ցուցաբերելու ուղղութեամբ։
Ժողովը փակուեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեան խօսքով։ Վեհափառ Հայրապետը գոհունակութիւն յայտնեց համատեղ իրականացուած երկօրեայ աշխատանքի համար՝ ընդգծելով, որ արծարծուած խնդիրները մղում են աւելի զօրացնելու եւ աշխուժացնելու Եկեղեցու ներկայութիւնը եւ ծառայութիւնը ժողովրդի եւ յատկապէս երիտասարդութեան կեանքում։ «Երիտասարդութեան հետ տարուող աշխատանքը շատ կարեւոր է։ Հայոց Եկեղեցին պէտք է անի ամէնը՝ զօրավիգ լինելու հայ երիտասարդին, օգնելու նրան գտնել զանազան հարցերի պատասխանները եւ յաղթահարել իր կյանքում առկա մարտահրավերները։ Երիտասարդներն են վաղուայ մեր առաջնորդները, նրանք են կերտելու մեր վաղուայ օրը եւ ապահովելու մեր ժողովրդի ընթացքը գալիք ժամանակներում։ Կարեւոր է, որ ժողովն անցկացւում է Հիւսիսային Ամերիկայում։ Մեծ աշխատանք կայ առջեւում, ծառայական մեծ դաշտ, եւ մենք էլ մեր հերթին պատրաստ ենք աւելիով նպաստել մեր թեմերին, որպէսզի իրենց աշխատանքները լաւագոյնս կարողանան իրականացնել։ Վստահ ենք, որ այս օրերին առնուած որոշումները ցանկալի արդիւնքներ կ'արձանագրեն, եւ կը կարողանանք մեր Եկեղեցին էլ աւելի մերձեցնել մեր ժողովրդին եւ նրան առաջնորդել դէպի Եկեղեցի», - ասաց Նորին Սրբութիւնը։
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը յայտնեց թեմական խորհուրդներին եւ թեմերի սպասաւորներին, որոնց նուիրեալ աշխատանքով աշխոյժ է պահւում ժողովրդի հոգեւոր կեանքը Հիւսիսային Ամերիկայում։ Վեհափառ Հայրապետը նաեւ իր գնահատանքը յայտնեց ՀԲԸՄ անդամներին Հայ Եկեղեցուն եւ նրա ծրագրերին ցուցաբերուող մշտական զօրակցութեան, ինչպէս նաեւ ժողովի աշխատանքներում կարեւոր ներդրման համար։

 
  -   Հասարակութիւն