Էդվարդ Նալբանդեան. «Հայաստանն այսօր աշխարհին ներկայանում է<br /> որպէս կանխատեսելի եւ յուսալի գործընկեր»<br />


Էդվարդ Նալբանդեան. «Հայաստանն այսօր աշխարհին ներկայանում է
որպէս կանխատեսելի եւ յուսալի գործընկեր»

  • 22-01-2010 13:46:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 22 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդեանի յունվարի 22-ի մամլոյ ասուլիսը նուիրուած էր ՀՀ 2009թ.-ի արտաքին քաղաքականութեան ամփոփմանը: Մինչ լրագրողների հարցերին պատասխանելը, արտգործնախարարը հանդէս է եկել ներածական խօսքով, որի ստորեւ ներկայացւող ամբողջական տեքստը «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին են տրամադրել ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութիւնից: «Ամփոփելով արտաքին քաղաքական տարին` նախ կցանկանայի նշել, որ Հայաստանն այսօր աշխարհին ներկայանում է որպէս կանխատեսելի եւ յուսալի գործընկեր, որի մօտեցումներն ընկալվում ու գնահատւում են: Միջազգային կարեւոր դերակատարներն ու կենտրոնները յարգանքով են վերաբերւում մեր երկրին, որն իր քայլերով ապացուցել է իր վստահելիությունը` ինչպէս տարածաշրջանային, այնպէս էլ միջազգային, ինչպէս երկկողմ, այնպէս էլ բազմակողմ մակարդակներում: Այն, ինչ մենք ասում էինք անկախութեան ձեռքբերումից ի վեր, այսօր արձագանք է գտել միջազգային ասպարէզում, եւ մեր երկրին ու տարածաշրջանին առնչուող առանցքային հարցերի վերաբերեալ միջազգային հանրութեան կողմից արտայայտւում եւ դրսեւորւում են դիրքորոշումներ, որոնք հիմնականում համահունչ են մեր տեսակետներին: 2009 թուականին ՀՀ ԱԳՆ-ն շարունակել է իրականացնել Հանրապետութեան Նախագահի կողմից նախանշված արտաքին քաղաքականութեան ուղեգիծը, ինչը բնորոշուել է նոր նախաձեռնություններով` աջակցութիւն ստանալով միջազգային հանրութեան կողմից: Նախարարութեան աշխատանքներն ուղղուած են եղել երկրի արտաքին անվտանգութեան ամրապնդմանը, պետութեան զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային ասպարէզում Հայաստանի դիրքորոշումների ներկայացմանը, արտերկրում Հանրապետութեան եւ նրա քաղաքացիների շահերի պաշտպանութեան արդիւնաւէտութեան բարձրացմանը, միջազգային կազմակերպություններում եւ գործընթացներում ներգրավվածության խորացմանը: Արցախեան հիմնախնդրի արդարացի, միջազգային իրաւունքի սկզբունքների հիման վրայ կարգաւորումը շարունակել է մնալ մեր արտաքին քաղաքականութեան առանցքային խնդիրը: Հայաստանի եւ Ադրբեջանի Նախագահների միջեւ շարունակուել են ինտենսիվ բանակցութիւնները, տարուայ ընթացքում կայացել է 9 հանդիպում: Դեկտեմբերի 1-2-ը Աթէնքում կայացած ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի յայտարարութեյան մէջ, որպէս ղարաբաղեան հիմնախնդրի կարգաւորման անբաժանելի սկզբունք, առաջին անգամ ամրագրուեց ազգերի ինքնորոշման սկզբունքը, բազմաթիւ միջազգային փաստաթղթերում առաւել շեշտուեց ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքի կարեւորութիւնը: Տարուայ ընթացքում քայլեր են ձեռնարկուել բարեկամ եւ գործընկեր երկրների հետ համագործակցութեան առաւել զարգացման ու ամրապնդման ուղղութեամբ եւ կարգաւորելու յարաբերութիւններն այն երկրների հետ, որոնց հետ կան խնդիրներ: Բազմաբովանդակ եւ լայնածաւալ համագործակցութիւն է իրականացուել մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ: Տեղի են ունեցել շուրջ մէկ տասնեակ հանդիպումներ երկու երկրների բարձրագոյն ղեկավարների միջեւ: Երկուստեք քայլեր են ձեռնարկուել յարաբերութիւնների առաւել խորացման եւ ամրապնդման, նոր ծրագրերի մշակման եւ իրականացման ուղղութեամբ: Ընդլայնվել եւ ամրապնդուել է Հայաստանի բարեկամական գործընկերութիւնը Ամերիկայի Միացեալ Նահանգների հետ: Ընթացել է ինտենսիվ եւ արդիւնաւէտ քաղաքական երկխօսութիւն: Իրականացուել եւ նախանշուել են համագործակցութեան մի շարք ծրագրեր: Շարունակուել է Եւրոպային մերձենալու արտաքին քաղաքական ուղեգիծը, եւ համագործակցութեան խորացումը` ինչպէս երկկողմ ձեւաչափով, այնպէս էլ Եւրոպական կառոյցների շրջանակներում: Հայաստանը միացել է ԵՄ Արեւելյան գործընկերութեան ծրագրին: Ընդլայնվել է Հայաստանի համագործակցութիւնը Եւրոպական մայրցամաքի մեր աւանդական գործընկերների հետ, նոր լիցք է հաղորդուել յարաբերութիւններին արեւելաեվրոպական պետութիւնների, բալթեան եւ սկանդինաւեան երկրների հետ: Դրական զարգացում է արձանագրել փոխշահավետ համագործակցութիւնը անմիջական հարեւաններ Իրանի եւ Վրաստանի հետ: Հիմքեր են դրուել այդ երկրների հետ կարեւորագոյն նշանակութիւն ունեցող ծրագրերի իրագործման համար: Առաջնորդուելով հայ-թուրքական յարաբերութիւններն առանց նախապայմանների կարգաւորման ՀՀ Նախագահի նախաձեռնութեամբ` ինտենսիվ բանակցութիւններ են վարուել թուրքական կողմի հետ: Հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրուել են հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման վերաբերեալ արձանագրութիւնները: Տարուայ ընթացքում նոր եւ ակտիւ քայլեր են ձեռնարկուել արաբական երկրների հետ յարաբերութիւնների զարգացման ուղղութեամբ: Ուշադրութեան կենտրոնում է եղել փոխշահավետ համագործակցութեան զարգացումը ասիական երկրների, մասնաւորապէս` Չինաստանի, Հնդկաստանի եւ Ճապոնիայի հետ: Աշխատանքներ են տարուել լատինաամերիկեան, Հարավարեւելյան Ասիայի եւ աֆրիկեան երկրների հետ յարաբերութիւնների զարգացման ուղղութեամբ: Տարին նշանաւորուեց նաեւ տարածաշրջանային երկու կարեւոր կառոյցներում` Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութիւնում եւ Սեւծովեան տնտեսական համագործակցութեան կազմակերպութիւնում, Հայաստանի յաջողուած նախագահութեամբ: ՀԱՊԿ-ում հայկական նախագահութեան ժամանակահատուածում առանցքային որոշումներ ընդունվեցին կազմակերպութեան գործունէութեան արդիւնաւէտութիւնը որակապէս նոր աստիճանի բարձրացնելու ուղղութեամբ: Սեւծովեան տնտեսական համագործակցութեան կազմակերպութիւնում Հայաստանի նախագահութիւնը նշանաւորուեց կազմակերպութեան գործունէութեան առաւել ակտիւացմամբ, կազմակերպվեց 50-ից աւել միջոցառում, ընդունվեցին համագործակցութեան տարբեր ոլորտներին առնչուող տասնեակ փաստաթղթեր: Հայաստանն ակտիւօրէն մասնակցել է Անկախ պետութիւնների համագործակցութեան եւ ԵՎՐԱԶԵՍ-ի գործունէութեանը, եւ այդ կազմակերպութիւնների շրջանակներում տեղի ունեցող գործընթացներին: Հետեւողականօրէն իրականացուեց ՆԱՏՕ-ի հետ Անհատական գործընկերութեան գործողութիւնների ծրագրի իրականացումը, Հայաստանն ընդլայնեց իր մասնակցութիւնը միջազգային խաղաղապահ գործողութիւններին: Շարունակուել է մասնակցութիւնը ՄԱԿ-ի եւ միջազգային այլ կազմակերպութիւնների գործունէութեանը, ակտիւ ներգրավվածությունը ահաբեկչութեան եւ այլ մարտահրավերների դէմ միջազգային հանրութեան պայքարում: Տարածաշրջանում կայունութեան, համագործակցութեան, անվտանգութեան ու խաղաղութեան հաստատումը հանդիսացել է արտաքին քաղաքականութեան առանցքային խնդիրներից մէկը: Հայաստանը ձգտել է իր նպաստը բերել կայուն եւ անվտանգ Հարաւային Կովկասի կայացման գործում: Համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցութիւնը մեղմելու նպատակով առաջին պլան մղվեց տնտեսական բաղադրիչը, ճգնաժամի հետեւանքների յաղթահարման ուղղութեամբ տնտեսական հարթութեան աշխատանքները, ինչպէս առանձին երկրների հետ երկկողմ, այնպէս էլ` միջազգային կառոյցների եւ ֆինանսական ինստիտուտների հետ բազմակողմ դիւանագիտութեան հարթութիւններում: Տասնեակ երկրների հետ միջկառավարական առեւտրատնտեսական յանձնաժողովների աշխատանքների շարունակման արդիւնքում ձեռք են բերուել տնտեսական յետագայ համագործակցութեան ծաւալման պայմանավորվածություններ, նախանշուել են նոր ծրագրեր: Արտգործնախարարությունն իր աջակցութիւն է բերել Հայաստանի այլ պետական կառույցներին` արտաքին կապերի զարգացման գործում: Տեղի են ունեցել բազմաթիւ փոխայցելություններ, քաղաքական խորհրդատւութիւններ, հանդիպումներ եւ միջոցառումներ, ձեռք են բերուել պայմանավորվածություններ, կնքուել են շուրջ 100 միջազգային պայմանագրեր, որոնք լաւ հիմք կարող են հանդիսանալ երկկողմ եւ բազմակողմ յարաբերութիւնների յետագայ խորացման համար: ՀՀ Նախագահը կատարել է 22 օտարերկրեայ այցելութիւն, Հայաստան են այցելել այլ երկրների 8 ղեկավար: ԱԺ նախագահը կատարել է 8 այցելութիւն, Հայաստան են այցելել երկու երկրի խորհրդարանի ղեկավար: Վարչապետն անցեալ տարուայ ընթացքում կատարել է 8 այցելութիւն: ԱԳ նախարարը կատարել է 29 այցելութիւն, Երեւան են ժամանել 11 երկրների արտգործնախարարներ, 5 միջազգային կազմակերպութեան ղեկավար: 2009թ.-ը նշանաւորուեց ԱԳՆ դիւանագիտական դպրոցի հիմնադրմամբ, որի առաքելութիւնն է դիւանագիտական ծառայութեան համար որակեալ կադրերի պատրաստումը: Արտգործնախարարութեան կողմից կազմակերպուել են շուրջ հարիւր հարցազրույցներ աշխարհի առաջատար լրատվամիջոցներին, ելոյթներ բազմաթիւ միջազգային համաժողովներում, քաղաքագիտական կենտրոններում: Հայաստանի վերաբերեալ յօդուածներ, յատուկ թողարկումներ եւ ներդիրներ են հրապարակուել աշխարհի հեղինակաւոր պարբերականներում: Երեւանում եւ արտասահմանեան ուղեւորութիւնների ընթացքում արտգործնախարարը մասնակցել է շուրջ 4 տասնեակ մամլոյ ասուլիսների, 20-ից աւելի հարցազրովյց է տուել աշխարհի առաջատար լրատվամիջոցներին: ԱԳ նախարարութեան համակարգում 2009թ. շրջանառուել է աւելի քան 100 հազար փաստաթուղթ»:
  -   Քաղաքական