Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հունգարիայի Կաթոլիկ համալսարանի պատուիրակութեանը


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հունգարիայի Կաթոլիկ համալսարանի պատուիրակութեանը

  • 10-03-2017 19:46:22   |   |  Մամլո հաղորդագրություն

 
Մարտի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընդունեց Հունգարիայի Պիտեր Պազմանի անուան Կաթոլիկ համալսարանի ռեկտոր պրոֆ. Սուրոմի Սաբոլչի գլխաւորած պատուիրակութեանը` ուղեկցութեամբ Երեւանի Խ. Աբովեանի անուան պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր պրոֆ. Ռուբեն Միրզախանեանի:
Պատուիրակութեան կազմում էին համալսարանի Պատմութեան ինստիտուտի տնօրէն Ուզէ Շանդորը, ռեկտորի խորհրդական, Ազգային գրադարանի գլխաւոր տնօրէն Լասլոյ Տուսկը եւ համալսարանի Հայագիտութեան ամբիոնի վարիչ Բալինտ Կովաչը:
Հանդիպման սկզբում տիար Ռ. Միրզախանեանը Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց հիւրերին` տեղեկացնելով, որ այցը Հայաստան կազմակերպուել է 2016 թ. Պ. Պազմանի անուան Կաթոլիկ համալսարանի եւ Խ. Աբովեանի անուան պետական մանկավարժական համալսարանի միջեւ համագործակցութեան պայմանագրի կնքմամբ սկզբնաւորուած գործակցութեան շրջանակներում: Մանկավարժական համալսարանի ռեկտորը գոհունակութեամբ նշեց, որ հաստատուած կապերի շնորհիւ Կաթոլիկ համալսարանում արդէն գործում է հայագիտական ամբիոն:
Այնուհետեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնութիւնն ու գնահատանքը փոխանցեց հունգարական պատուիրակութիւնը` ուրախութիւն յայտնելով պատուիրակութեան անդամներին Ս. Էջմիածնում վերստին հիւրընկալելու առիթով: 
Հայոց Հովուապետը գոհունակութեամբ անդրադարձաւ երկու հաստատութիւնների միջեւ ձեւաւորուած կապերին` ընդգծելով, որ նման սերտ փոխյարաբերութիւնները աւելի մեծ թուով ուսանողների հնարաւորութիւն են ընձեռում մասնակցել համատեղ իրականացուող ծրագրերին եւ այդպիսով` նպաստում փոխադարձ ճանաչողութեանն ու երկու ժողովուրդների միջեւ բարեկամութեան զօրացմանը: Այս առումով Նորին Սրբութիւնը մեծապէս կարեւորեց Հունգարիայի Կաթոլիկ համալսարանում հաստատուած հայագիտական ամբիոնի առաքելութիւնը` Մայր Աթոռի պատրաստակամութիւնը յայտնելով անհրաժեշտ գրականութեամբ աջակցելու նրան:  
Խօսք ասաց նաեւ պրոֆ. Սուրոմի Սաբոլչը` իր հերթին ուրախութեամբ տեղեկացնելով համագործակցութեան արդիւնքում արձանագրուած յաջողութիւնների մասին եւ ներկայացնելով հայագիտական ամբիոնի զարգացման տեսլականը:
Զրոյցի ընթացքում անդրադարձ կատարուեց կրթական հաստատութիւնների գործունէութեանը, մասնաւորապէս` ուսանողների փոխանակման ծրագրերին: Այս առիթով Ամենայն Հայոց Հայրապետը պրոֆ. Սուրոմի Սաբոլչին հրաւիրեց դասախօսութիւններով հանդէս գալ Գեւորգեան հոգեւոր ճեմարանում:
Վերջում Գարեգին Բ Կաթողիկոսը երկրների ու ժողովուրդների միջեւ առկայ յարաբերութիւնները էլ աւելի զօրացնելու մաղթանքով կրթական հաստատութիւնների ղեկավարներին ցանկացաւ արդիւնաւէտ գործակցութիւն: 
Հանդիպմանը ներկայ էր Մայր Աթոռի Արտաքին յարաբերութիւնների եւ արարողակարգի բաժնի տնօրէն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանը:  

 
  -   Մամլո հաղորդագրություն