Հայաստանի և Լիբանանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակ


Հայաստանի և Լիբանանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակ

  • 13-03-2017 19:49:27   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդեանը եւ արտաքին գործերի եւ էմիգրանտների նախարար Ջբրան Բասիլը ուղերձներ փոխանակեցին Հայաստանի Հանրապետութեան եւ Լիբանանի Հանրապետութեան միջեւ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման 25-ամեակի կապակցութեամբ:
 
Էդվարդ Նալբանդեանն իր ուղերձում նշում է, որ աշխարհում քիչ են այնպիսի երկրները, որոնք այնքան բազմաթիւ թելերով են կապուած, որքան Հայաստանը եւ Լիբանանը: Մեր բարեկամութիւնը խարսխուած է պատմական խոր առնչութիւնների, մշակութային հինաւուրց կապերի եւ այն ջերմութեան վրայ, որ երկու ժողովուրդներն աւանդաբար տածում են միմեանց հանդէպ: Նախարար Նալբանդեանն ընդգծում է, որ լիբանանահայ հոծ համայնքը այդ կապերի ամրապնդման եւ դինամիկ զարգացման կարեւորագոյն գրաւականներից մէկն է:
 
Հայաստանի արտգործնախարարը շեշտում է, որ այս ամուր հիմքերի վրայ քառորդ դար առաջ ձեւաւորուեցին եւ զարգացան մեր երկրների միջպետական յարաբերութիւնները, որոնք առանձնանում են փոխվստահութեամբ ու միմեանց նկատմամբ խոր յարգանքով: Նախարար Նալբանդեանը հաւելում է, որ այսօր, հաւանաբար, չկայ այնպիսի ոլորտ, որը ներառուած չլինի հայ-լիբանանեան համագործակցութեան լայն դաշտում:
 
Մեծապէս կարեւորելով մեր երկրների միջեւ ձեւաւորուած աւանդական ջերմ յարաբերութիւնները` Էդվարդ Նալբանդեանը վստահութիւն է յայտնում, որ համատեղ ուժերով կը կարողանանք նպաստել բազմաշերտ փոխգործակցութեան առաւել սերտացմանը եւ խորացմանը:
 
Ջբրան Բասիլն իր ուղերձում նշում է, որ անցած քսանհինգ տարիներին, չնայած համաշխարհային քաղաքականութիւնն ականատես եղաւ բազմաթիւ փոփոխութիւնների, Լիբանանի եւ Հայաստանի բարեկամական համագործակցային յարաբերութիւններն առաւել ամրապնդուեցին եւ սերտացան` մեր երկրների կենսական շահերին առնչուող խնդիրների շուրջ փոխադարձ աջակցութեամբ եւ տարբեր ոլորտներում սերտ համագործակցութեան ակտիւացմամբ: Նախարար Բասիլն ընդգծում է, որ մեր երկու երկրների յարաբերութիւնները պահպանում են համապարփակ զարգացման դրական ընթացքը, որով լիբանանեան կողմը միանգամայն բաւարարուած է:
 
Լիբանանի արտգործնախարարը շեշտում է, որ 2017 թուականը ոչ միայն հնարաւորութիւն է` տօնելու այս կարեւոր հանգրուանը եւ մեր ձեռքբերումները, այլեւ լաւ առիթ է` ուրուագծելու եւ առաւել խթանելու մեր երկկողմ յարաբերութիւնները եւ համագործակցութիւնը:
 
Նախարար Բասիլն իր ուղերձում վերահաստատում է Հայաստանի հետ յարաբերութիւններն աւելի ու աւելի ամրապնդելու Լիբանանի կառավարութեան յանձնառութիւնը:
  -   Մամլո հաղորդագրություն