Բացայայտուել են առանձնապէս խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառութեան նոր դէպքեր
14-03-2017 18:19:08 | | Մարդու իրաւունքներ
ՀՀ քննչական կոմիտէի տեղեկացմամբ, յիշեալ կոմիտէի յատկապէս կարեւոր գործերի քննութեան գլխաւոր վարչութիւնում քննուող քրէական գործով ձեռնարկուած մեծածաւալ քննչական գործողութիւնների արդիւնքում բացայայտուել է առանձնապէս խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառութեամբ զբաղուող մի խումբ, պարզուել իրացնողների եւ ձեռք բերողների ինքնութիւնը: Ձեռք բերուած ապացոյցների հիման վրայ մեղադրանք է առաջադրուել 7 անձի, որոնց թւում` Ուկրաինայի եւ ԻԻՀ քաղաքացիների:
2016թ. նոյեմբերի 16-ին ՀՀ քննչական կոմիտէի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում թմրամիջոցների ապօրինի շրջանառութեան դէպքի առթիւ յարուցուած քրէական գործով իրականացուած նախաքննութեամբ պարզուել են Երեւանում ԻԻՀ քաղաքացու կողմից Գիւմրիի բնակչին «ափիոնէ տեսակի թմրամիջոցի իրացման հանգամանքները: Ըստ քննութեան տուեալների, ԻԻՀ քաղաքացին իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել եւ պահել առանձնապէս խոշոր չափերի 1.429.21 կգ ընդհանուր քաշով «ափիոնէ տեսակի թմրամիջոց եւ «բուպրենորֆինէ տեսակի թմրամիջոց պարունակող 20 դեղահաբ, որից 440.41 գրամ «ափիոնէ տեսակի թմրամիջոցը 2016թ. նոյեմբերի 4-ին Երեւանի Մ. Խօրէնացի փողոցում ապօրինի իրացրել է Գիւմրիի բնակչին: Նոյն օրը նշուած անձինք բերման են ենթարկուել եւ նրանց անձնական խուզարկութեամբ յայտնաբերուել են յիշեալ թմրամիջոցները:
Առանձնապէս խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառութեան մէկ այլ դէպք էլ բացայայտուել է 2017թ. փետրուարին` Կենտրոն եւ Նորք-մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննուող քրէական գործով:
ՀՀ երեք քաղաքացնէր, Ուկրաինայի քաղաքացու հետ նախնական համաձայնութեամբ, 2017թ. փետրուարի 20-ին ԻԻՀ քաղաքացուց ապօրինի ձեռք են բերել 3611,05 գրամ «ափիոնէ տեսակի թմրամիջոց: Վերջիններս նոյն օրը բերման են ենթարկուել, նրանցից մէկի աւտոմեքենայի զննութեամբ յայտնաբերուել է յիշեալ թմրամիջոցը, իսկ միւսի անձնական խուզարկութեամբ` «մակարովէ տեսակի ատրճանակ եւ 9մմ տրամաչափի 7 փամփուշտ:
Քննութեամբ փաստական տուեալներ են ձեռք բերուել, որ նշուած երկու դէպքերը փոխկապակցուած են, եւ ՀՀ քննչական կոմիտէի նախագահի յանձնարարութեամբ նշուած երկու քրէական գործերն ուղարկուել են ՀՀ քննչական կոմիտէի ՀԿԳ քննութեան գլխաւոր վարչութիւն, որտեղ դրանք միացուել են նոյն վարոյթում: Քրէական գործով ձեռնարկուած քննչական եւ դատավարական այլ գործողութիւնների արդիւնքում բաւարար փաստական տուեալներ են ձեռք բերուել 8 անձի` թմրամիջոցների ապօրինի շրջանառութեամբ զբաղուելու վերաբերեալ, անհատականացուել նրանց գործողութիւնները:
Ձեռք բերուած ապացոյցների հիման վրայ 7 անձի, որոնցից 4-ը` ՀՀ, 2-ը` ԻԻՀ, 1-ը` Ուկրաինայի քաղաքացիներ, մեղադրանքներ են առաջադրուել, եւ նրանց նկատմամբ որպէս խափանման միջոց է կիրառուել կալանաւորումը: Եւս մէկ ԻԻՀ քաղաքացու նկատմամբ յայտարարուել է հետախուզում:
Նախաքննութիւնը շարունակւում է: Իրականացւում են անհրաժեշտ քննչական եւ օպերատիւ-որոնողական միջոցառումներ` թմրամիջոցների ձեռք բերման աղբիւրը եւ դրանց իրացման գործում հնարաւոր այլ անձանց ինքնութիւնը պարզելու ուղղութեամբ:
Ծանուցում. Ենթադրեալ յանցանքի մէջ կասկածուողը կամ մեղադրուողը համարւում է անմեղ, քանի դեռ նրա մեղաւորութիւնն ապացուցուած չէ ՀՀ քրէական դատավարութեան օրէնսգրքով սահմանուած կարգով` դատարանի` օրինական ուժի մէջ մտած դատավճռով: