Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի հայ համայնքի հետ


Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի հայ համայնքի հետ

  • 20-03-2017 11:23:41   |   |  Մամլո հաղորդագրություն

Մարտի 19-ին, Ֆինլանդիայ կատարած միջեկեղեցական այցի շրջանակներում, Հելսինկիի Լութերական-Աւետարանական Մայր Տաճարի սրահում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցաւ Ֆինլանդիայի հայ համայնքի հետ: 
 
Հանդիպմանը ներկայ էին Նորին Սրբութեանն ուղեկցող պատուիրակութեան անդամներ Մայր Աթոռի աստուածաբանական ուսումնական բարձրագոյն հաստատութիւնների վերատեսուչ Գերաշնորհ Տ. Գեւորգ եպիսկոպոս Սարոյեանը, Մայր Աթոռի Միջեկեղեցական յարաբերութիւնների բաժնի պատասխանատու Հոգեշնորհ Տ. Շահէ ծայրագոյն վարդապետ Անանեանը, Կենտրոնական Եւրոպայի եւ Սկանդինաւիայի երկրների Հայրապետական պատուիրակ Հոգեշնորհ Տ. Տիրան վարդապետ Պետրոսեանը, Գեւորգեան հոգեւոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումեանը եւ Նորին Սրբութեան գաւազանակիր Հոգեշնորհ Տ. Աղան աբեղայ Երնջակեանը, ինչպէս նաեւ Շուէդիայում ու Ֆինլանդիայում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան տիար Արտակ Ապիտօնեանը: 
Կենտրոնական Եւրոպայի եւ Սկանդինաւիայի երկրների Հայրապետական պատուիրակը, յանուն Ֆինլանդիայի հայ համայնքի, իր որդիական շնորհակալութեան ու բարիգալստեան խօսքն ուղղեց Վեհափառ Հայրապետին` ընդգծելով այն դրական տեղաշարժերն ու զարգացումները, որ տեղի էին ունեցել Ֆինլանդիայի հայորդեաց կեանքում վերջին մի քանի տարիներում: 
Այնուհետեւ հայ համայնքի հետ հանդիպման համար իր ուրախութիւնը յայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` յատկապէս կարեւորելով համայնքի կազմակերպուածութեան ու համախմբման ոգին: Վեհափառ Հայրապետն իր խօսքում մասնաւորապէս ասաց. «Գոհունակութիւն է Հայրապետիս համար` տեսնելու, որ այսօր արդէն Ձեր կողքին են ոչ միայն եկեղեցականներն ու ձեր հովիւները, այլեւ հայրենի իշխանութեանց ներկայացուցիչները` ի դէմս մեծարգոյ դեսպան տիար Արտակ Ապիտօնեանի: …Մեր մաղթանքն է, որ դուք մօտ ապագայում եւս կարողանաք համախմբուել ու կազմակերպուել` պահպանելու համար ձեր հայ քրիստոնէական ինքնութիւնը, ազգային արժէքների ու մայրենի լեզուի հանդէպ նախանձախնդրութիւնը փոխանցելով ձեր զաւակներին»: 
Հանդիպման աւարտին Նորին Սրբութիւնը, օրհնելով հայ համայնքի ներկայացուցիչներին, նաեւ լսեց նրանց առաջարկները եւ պատասխանեց ներկաների հարցերին:

 
  -   Մամլո հաղորդագրություն