Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Ֆինլանդիայի Լիւթերական-աւէտարանական եկեղեցու պետի հետ


Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Ֆինլանդիայի Լիւթերական-աւէտարանական եկեղեցու պետի հետ

  • 21-03-2017 11:52:46   |   |  Մամլո հաղորդագրություն

Մարտի 20-ին, Ֆինլանդիայ կատարած միջեկեղեցական այցի շրջանակներում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հելսինկիի Լիւթերական-աւէտարանական Մայր Տաճարում հանդիպեց Ֆինլանդիայի Լիւթերական-աւէտարանական եկեղեցու պետ, Տուրկույի արքեպիսկոպոս Կարի Մէկկինենի հետ: 
Արքեպիսկոպոս Կերի Մէկկինենի բարիգալստեան խօսքից յետոյ ներկայ հաւատացեալներին ու լիւթերական հոգեւորականներին իր պատգամն ուղղեց Ամենայն Հայոց Հայրապետը: 
Նորին Սրբութիւնն իր խօսքում մասնաւորապէս ասաց. «Այսօր փառք եւ գոհութիւն ենք մատուցում առ Բարձրեալ Տէրը, որ կրկին առիթ ընծայեց Մեզ այցելելու ձեր գեղեցիկ երկիրը` հրաւէրով Ձեր եւ Ֆինլանդիայի Օրթոդոքս Եկեղեցու առաջնորդ, Կարելիայի եւ համայն Ֆինլանդիայի արքեպիսկոպոս Լէոյի` իբրեւ մեր Եկեղեցիների միջեւ հաստատուած սիրոյ եւ եղբայրական յարաբերութիւնների վկայութիւն: 
 
Մենք խորին գոհունակութեամբ ենք վերհիշում տասներեք տարի առաջ կատարած մեր այցը Ֆինլանդիայ, եւ փառք ենք բարձրացնում առ Բարեգութն Աստուած, որ մեր Եկեղեցիների եղբայրական յարաբերութիւնները շարունակում են զօրանալ ու ամրապնդուել: …Այսօր, երբ  աշխարհը կանգնած է տնտեսական, մարդասիրական ու բնապահպանական ճգնաժամերի, ազգային-կրօնական հակամարտութիւնների եւ օրէցօր աւելացող անհանդուրժողականութեան, ահաբեկչութիւնների, եղեռնական ոճիրների ցաւալի փաստերի առաջ, Մենք խորապէս մտահոգուած ենք մարդկութեան կեանքին սպառնացող վտանգներով, հրատապ լուծման կարօտ մարտահրաւէրներով, ինչպէս եւ Մերձաւոր Արեւելքում տիրող ծանր իրավիճակով: Այդ տարածաշրջանում իսլամական ծայրահեղական խմբաւորումների կողմից սանձազերծած պատերազմական գործողութիւնների պատճառով նուազում է քրիստոնեաների պատմական ներկայութիւնը, որոնց թւում են նաեւ հայկական համայնքներն Իրաքում եւ Սիրիայում: 
Հայ Եկեղեցին միջեկեղեցական եւ միջկրօնական երկխօսութեան ճանապարհով իր կարելին է ներդնում հակամարտութիւնների օջախներում խաղաղութեան ու կայունութեան ամրապնդման, մարդասիրական արժէքները յարգելու եւ ապահով ու ստեղծարար կեանքն անխաթար պահելու կամքի զօրացման համար, ինչպէս եւ հնարաւորինս օգնութիւն հասցնում պատերազմական իրավիճակներից տուժածներին, փախստականներին: Մեր Եկեղեցու խաղաղարար գործունէութիւնը ծաւալւում է նաեւ Ղարաբաղեան հիմնախնդրի կարգաւորման գործում: Այսօր Ղարաբաղի Մեր ժողովուրդը Ադրբեջանի կողմից հրահրուող ամենօրեայ պատերազմի վտանգի ներքոյ, շրջափակման պայմաններում յաճախ իր զաւակների արեան գնով է պաշտպանում իր ազատ կեանքը եւ անկախութիւնը պատմական իր հայրենիքի` Արցախի Հանրապետութեան: Այս հիմնախնդրի կարգաւորման գործում գնահատելի են Ֆինլանդիայի ջանքերը, որը եղել է ԷԱՀԿ Մինսկի խմբի առաջին համանախագահներից մէկը, ինչպէս նաեւ` այս գործընթացում ներգաւուած ֆին դիւանագէտների գործունէութիւնը: 
…Մեր հանդիպման եւ միասնական աղօթքի առիթով գնահատանքի եւ շնորհակալութեան Մեր խօսքն ենք ուղղում Ֆինլանդիայի Լութերական եւ Ուղղափառ քոյր Եկեղեցիներին` յանձինս Ձեր, սիրեցեալ եղբայր, եւ Ֆինլանդիայի Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ Լէոյ արքեպիսկոպոսի, Ֆինլանդիայի բարեխնամ իշխանութիւններին մեր ժողովրդի զաւակների հանդէպ դրսեւորուող բարեացակամութեան ու բարեկամութեան համար, որ արտայայտութիւնն է մերձաւորի հանդէպ տէրունապատուէր սիրոյ պատգամի` վկայուած ֆին բարեպաշտ ժողովրդի ողջ պատմութեան ընթացքին եւ մարդասիրութեան, որն առաջնորդել է Ֆինլանդիայի Աւետարանական-լիւթերական եկեղեցու միսիոներական առաքելութեան աշխարհի տարբեր երկրներ: 
Այս հոգենորոգ պահին Մենք աղօթք ենք բարձրացնում քաղաքական ու տնտեսական խնդիրներից ու հակամարտութիւններից ալեկոծուող աշխարհի խաղաղութեան համար, որպէսզի մարդկութիւնը կարողանայ կառուցել իր բարօր ու ապահով ապագան: Թող Երկնաւոր Տէրն ամրապնդի ու զօրացնի եղբայրական ազնիւ զգացումներն ու սերն Իր Սուրբ Եկեղեցում, շնորհ եւ օրհնութիւն բաշխի Իր Անուանը հաւատացող բոլոր քրիստոնեաներին` ի պայծառութիւն Ընդհանրական մէկ եւ միասնական Սուրբ Եկեղեցու, այժմ եւ յաւիտեանս. Ամեն»: 
Աշխարհում եւ մասնաւորապէս Մերձաւոր Արեւելքում ու Լեռնային Ղարաբաղում խաղաղութեան հաստատման համար միջեկեղեցական աղօթքից յետոյ Մայր Տաճարի սրահում տեղի ունեցաւ նաեւ երկու եկեղեցապետերի պաշտօնական հանդիպումն ու նուէրների փոխանակումը: 
Հանդիպմանը ներկայ էր նաեւ Շուէդիայում եւ Ֆինլանդիայում ՀՀ լիազօր եւ արտակարգ դեսպան տիար Արտակ Ապիտօնեանը:

 
  -   Մամլո հաղորդագրություն