Սերժ Սարգսեանն Աբու Դաբիում հանդիպել է ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, պաշտպանութեան նալարար, Դուբայի կառավարիչ Շէյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումի հետ
22-03-2017 15:08:48 | | Մամլո հաղորդագրություն
Նախագահ Սերժ Սարգսեանն այսօր Աբու Դաբիում հանդիպում է ունեցել ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, պաշտպանութեան նախարար, Դուբայի կառավարիչ Շէյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումի հետ:
Հանրապետութեան Նախագահը շնորհակալութիւն է յայտնել իր գլխաւորած պատուիրակութեանը ցուցաբերած էմիրաթական կողմի աւանդական ջերմ ընդունելութեան համար: Նշելով, որ ոչ այնքան երկար ժամանակ է անցել Շէյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումի հետ իր վերջին հանդիպումից` Նախագահ Սարգսեանը ջերմութեամբ է յիշել մօտ չորս ամիս առաջ բարեկամ Արաբական Միացեալ Էմիրութիւններ կատարած իր պաշտօնական այցը եւ գոհունակութեամբ արձանագրել, որ այն որակական նոր մակարդակի բարձրացրեց երկկողմ միջպետական յարաբերութիւնները:
Հանրապետութեան Նախագահի գնահատմամբ, խոստումնալից հունով են ընթանում ձեռք բերուած պայմանաւորուածութիւնների արդիւնքներով իրականացուող միջոցառումները, որոնց թւում է նաեւ այսօր բարեկամ էմիրութիւններում անցկացուող Հայաստանի ներդրումային հնարաւորութիւններին նուիրուած համաժողովը:
Սերժ Սարգսեանն ընդգծել է, որ Հայաստանը մեծ կարեւորութիւն է տալիս Արաբական Միացեալ Էմիրութիւնների հետ բարձրաստիճան քաղաքական երկխօսութեանը զուգընթաց համընդգրկուն փոխգործակցութեան զարգացմանը, այդ թւում` առեւտրատնտեսական կապերի բնագաւառում:
Նախագահը վստահութիւն է յայտնել, որ համաժողովի արդիւնքներն ու դրա շրջանակներում ձեռք բերուելիք գործնական պայմանաւորուածութիւնները կ'ունենան երկկողմ լիակատար աջակցութիւն եւ իրենց լուրջ ներդրումը կը բերեն հայ-էմիրաթեան առեւտրատնտեսական յարաբերութիւնների յետագայ զարգացման գործին:
Նախագահը շնորհակալութիւն է յայտնել համաշխարհային նշանակութիւն ունեցող «դուբայ Էքսպո-2020է ցուցահանդէսին Հայաստանին մասնակցութեան հրաւէրի համար:
Ընդգծելով, որ արաբական աշխարհի հետ յարաբերութիւնների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականութեան առաջնային ուղղութիւններից է, Նախագահ Սերժ Սարգսեանը նշել է, որ այս առումով հայ-էմիրաթեան յարաբերութիւններն առանձնակի տեղ են զբաղեցնում եւ փոխգործակցութեան լաւագոյն օրինակներից են:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ դիւանագիտական ներկայացուցչութիւնների առկայութիւնը միմեանց մայրաքաղաքներում որակապես նպաստում է երկու երկրների յարաբերութիւնների զարգացմանը:
Հանրապետութեան Նախագահը համոզուածութիւն է յայտնել, որ Դուբայի առեւտրատնտեսական կենտրոնում Հայաստանի գլխաւոր հիւպատոսութեան հիմնումը նոր խթան կհաղորդի Հայաստանի եւ Արաբական Միացեալ Էմիրութիւնների տնտեսական կապերի զարգացմանը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ ՀՀ Նախագահի պաշտօնական այցի արդիւնքներով ձեռք բերուած պայմանաւորուածութիւնների կատարման ընթացքին: Այդ համատեքստում զրուցակիցները երկուստէք գոհունակութեամբ են խօսել ԱՄԷ քաղաքացիներին ՀՀ մուտքի վիզայի պահանջից ազատելու` ՀՀ կառավարութեան որոշման մասին, որն արդէն ուժի մէջ է մտել: Նախագահը եւ Շէյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումը դա կարեւոր քայլ են համարել երկկողմ կապերի առաւել ամրապնդման ու զարգացման ճանապարհին: