Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնել է նորընծայ ծայրագոյն վարդապետին


Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնել է նորընծայ ծայրագոյն վարդապետին

  • 27-03-2017 15:19:22   |   |  Մամլո հաղորդագրություն

Մարտի 26-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Զաքարիայ ծայրագոյն վարդապետ Բաղումեանին` ուղեկցութեամբ Մայր Աթոռի Արտաքին յարաբերութիւնների եւ արարողակարգի բաժնի տնօրէն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանի: Վերջինիս ձեռամբ մարտի 19-ին, Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում Զաքարիայ վարդապետին տրուեցին ծայրագոյն վարդապետութեան 10 աստիճանները: 
 
Ներկայացնելով Հայր Սուրբին` Սրբազան Հայրը մասնաւորապէս անդրադարձաւ ծայրագոյն վարդապետութեան աստիճանի համար ներկայացուած աշխատութեան կարեւորութեանը, ապա հայցեց Վեհափառ Հայրապետի օրհնութիւնը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուրախութեամբ արձանագրեց, որ Հայ Եկեղեցին այսօր զօրանում է մտաւորական հոգեւորականների նոր սերնդով, որոնք հայոց նշանաւոր րաբունապետերի եւ հայրերի նմանողութեամբ շարունակում են տարածել Աստծու խօսքը` նախանձախնդիր լինելով ուղղափառ դաւանանքի պահպանութեանը: 
Վեհափառ Հայրապետը շնորհաւորեց Զաքարիայ ծայրագոյն վարդապետին` յորդորելով նրան առաւել ջանասիրութեամբ եւ նուիրումով ծառայել Հայ Եկեղեցուն եւ ժողովրդին:
Նորին Սրբութիւնն այս առիթով Հայր Զաքարիայի կուրծքը զարդարեց նաեւ ծայրագոյն վարդապետական ականակուռ լանջախաչով:    

 
  -   Մամլո հաղորդագրություն