Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԵԱՀԿ-ի կարճաժամկէտ դիտորդական առաքելութեան ղեկավարին


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԵԱՀԿ-ի կարճաժամկէտ դիտորդական առաքելութեան ղեկավարին

  • 30-03-2017 16:36:21   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Մարտի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընդունեց Եւրոպայում անվտանգութեան եւ համագործակցութեան կազմակերպութեան կարճաժամկէտ դիտորդական առաքելութեան ղեկավար Իգնասիոյ Սանչես Ամորին` ուղեկցութեամբ ՀՀ ԱԺ պատգամաւոր Արտաշէս Գեղամեանի եւ Իսպանիայի Թագաւորութիւնում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Աւետ Ադոնցի:
Հանդիպմանը պրն. Իգնասիոյ Սանչես Ամորն ուրախութիւն յայտնեց համայն հայութեան նուիրական հոգեւոր կենտրոն այցելելու առիթով` ընդգծելով, որ դրանով իր այցը Հայաստան աւելի է ամբողջանում եւ հնարաւորութիւն ընձեռում ճանաչելու թե՛ Հայաստանը, թե՛ հայ ժողովրդին:
Այնուհետեւ իր օրհնութիւնն ու գնահատանքը ներկաներին բերեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Նորին Սրբութիւնը, ողջունելով ԵԱՀԿ կարճաժամկէտ դիտորդական առաքելութեան ղեկավարին, ի դէմս նրա շնորհակալութիւն յայտնեց ԵԱՀԿ-ին` ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ կարգաւորման ուղղութեամբ Մինսկի խմբի կողմից գործադրուող ջանքերի համար: Վեհափառ Հայրապետը նաեւ գոհունակութիւն յայտնեց պրն. Ամորի ղեկավարած դիտորդական առաքելութեան առիթով` վստահութիւն յայտնելով, որ առաքելութեան աշխատանքը կնպաստի ապրիլի 2-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրութիւնների բարեյաջող անցկացմանը:
Զրոյցի ընթացքում, ի պատասխան պրն. Իգնասիոյ Սանչես Ամորի, Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձ կատարեց Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատմական առաքելութեանը հայ ժողովրդի կեանքում, ազգային ինքնութեան ու մշակոյթի պահպանման գործում, ներկայիս գործունէութեանը հայոց կեանքի տարբեր ոլորտներում: Մասնաւորապէս խօսուեց Եկեղեցու կողմից իրականացուող հովուական-հոգեխնամ աշխատանքի, կրթական եւ սոցիալական ծրագրերի, ինչպէս նաեւ հոգեւորականների պատրաստութեան մասին: 
Հանդիպմանը ներկայ էր Մայր Աթոռի Արտաքին յարաբերութիւնների եւ արարողակարգի բաժնի տնօրէն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանը:

 
  -   Մամլո հաղորդագրություն