Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ֆրանսիական «La Croix» օրաթերթի մի խումբ ընթերցողների եւ աշխատակիցների


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ֆրանսիական «La Croix» օրաթերթի մի խումբ ընթերցողների եւ աշխատակիցների

  • 06-04-2017 17:43:57   |   |  Մամլո հաղորդագրություն

 
 
Ապրիլի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ֆրանսիական «La Croix» կաթոլիկ օրաթերթի աշխատակազմին եւ մի խումբ ընթերցողների` ուղեկցութեամբ Փարիզի Սուրբ Յովհաննէս Մկրտիչ եկեղեցու սպասաւոր Բարեշնորհ Սահակ սարկաւագ Սուքիասեանի եւ օրաթերթի գլխաւոր խմբագրութեան անդամ Ֆեդերիկ Մունյէի:
Ողջունելով բարեկամ ժողովրդի զաւակների ուխտագնացութիւնը Հայաստան եւ համայն հայութեան հոգեւոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը նրանց բերեց իր օրհնութիւնն ու գնահատանքը` մասնաւորապէս խօսելով հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների միջեւ ձեւաւորուած դարաւոր բարեկամութեան եւ երկու պետութիւնների սերտ գործակցութեան մասին: 
Նորին Սրբութիւնը գոհունակութիւն յայտնեց, որ Ֆրանցիսկոս Պապի հետքերով կաթոլիկ ուխտաւորներն այցելում են Հայաստան, իբրեւ առաջին քրիստոնեայ երկիր, հաղորդակից դառնում նրա քրիստոնէական մշակոյթին եւ հոգեւոր-ազգային արժէքներին: Հայոց Հայրապետը կարեւորեց նման ուխտագնացութիւնների կազմակերպումը` ընդգծելով, որ դրանք մեծապէս նպաստում են միջեկեղեցական կապերի առաւել ամրապնդմանը, տարբեր ժողովուրդների փոխճանաչողութեանը:
Իր խօսքում Վեհափառ Հայրապետն անդրադարձ կատարեց Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու կարեւոր դերակատարութեանը հայ ժողովրդի կեանքում, Եկեղեցու եւ ժողովրդի առջեւ ծառացած մարտահրաւէրներին ու դրանց յաղթահարմանն ուղղուած ջանքերին:  
Զրոյցի ընթացքում տիար Ֆեդերիկ Մունյեն Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց օրաթերթի գործունէութիւնը` ընդգծելով, որ օրաթերթի աշխատակազմն ամէն ջանք ի գործ է դնում` տարբեր ժողովուրդների միջեւ խթանելու երկխօսութիւն եւ ձեւաւորելու փոխադարձ յարգանքի, հադուրժողականութեան ու վստահութեան մթնոլորտ: Խմբի անունից շնորհակալութիւն յայտնելով Նորին Սրբութեան օրհնութեան եւ ջերմ խօսքերի համար` պարոն Ֆ. Մունյեն նաեւ ներկայացրեց Հայաստան այցի անմոռանալի տպաւորութիւնները:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն առ Աստուած աղօթքով մաղթեց, որ Բարձրեալ Տէրը ազգերի ու ժողովուրդների մէջ զօրացնի միմեանց նկատմամբ սերը:

 
  -   Մամլո հաղորդագրություն