Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցաւակցագիր է յղել Ղպտի Եկեղեցու հովուապետին
10-04-2017 11:38:27 | | Մամլո հաղորդագրություն
Ապրիլի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ․ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցաւակցական գիր է յղել Ղպտի Ուղղափառ Եկեղեցու պետ, Ալեքսանդրիայի Պապ եւ Համայն Աֆրիկայի Թաւադրոս Բ Պատրիարքին` Տանտայի (Եգիպտոս) Մար Գիրգիս եկեղեցում եւ Ալեքսանդրիայի Ս. Մարկոս եկեղեցու առջեւ տեղի ունեցած ահաբեկչութիւնների առիթով, որոնց զոհ են դարձել եւ վիրաւորուել բազմաթիւ անմեղ մարդիկ:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գերագոյն հոգեւոր խորհրդի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանութեան եւ Հայոց Եկեղեցու հաւատացելոց անունից ցաւակցութիւն է յայտնել Նորին Սրբութեանը եւ Ղպտի Ուղղափառ Եկեղեցու հետեւորդներին:
«Այս ծանր պահին Մեր աղօթքներով ու մտքով զոհուածների ընտանիքների եւ Ձեզ հետ ենք», - նշել է Վեհափառ Հայրապետը` դատապարտելով ահաբեկչական գործողութիւնները:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայցել է Ամենազօր Աստծուն երկնային օթեւաններում հանգստութիւն պարգեւել զոհուածների հոգիներին, մխիթարութիւն` նրանց ընտանիքներին եւ Քոյր Եկեղեցու բոլոր հաւատացեալներին: