Հայ-թուրքական արձանագրութիւնների ստորագրմանը ներկայ կգտնուեն<br /> Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարները<br />


Հայ-թուրքական արձանագրութիւնների ստորագրմանը ներկայ կգտնուեն
Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարները

  • 09-10-2009 15:50:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Միացեալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մեկնելու է Ցյուրիխ, որտեղ ներկայ կլինի հայ-թուրքական յարաբերութիւնների բարելաւմանն ուղղուած պատմական նշանակութեան համաձայնութեան ստորագրման արարողութեանը: Այս մասին հաղորդում է «Ազատութիւն» ռադիոկայանը` վկայակոչելով «Ռոյթերզ» լրատուական գործակալութիւնը: Հրաւիրուած բարձրաստիճան պաշտօնեաների թւում են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող միւս երկու պետութիւնների` Ֆրանսիայի եւ Ռուսաստանի արտգործնախարարներ Բեռնար Կուշները եւ Սերգեյ Լավրովը: Ըստ «Ռոյթերզ»-ի, Ցյուրիխում փաստաթղթի ստորագրմանը կմասնակցեն նաեւ Եւրոպական միութեան բարձրաստիճան ներկայացուցիչներ: Օգտվելով պատեհ առիթից, ԱՄՆ-ի պետքարտուղարը Եւրամիութեան երկրների եւ Ռուսաստանի արտգործնախարարների հետ կքննարկի նաեւ Իրանի հետ յարաբերութիւններին վերաբերող հարցեր: «Ռոյթերզ»-ը հաղորդում է, որ Հայաստանը եւ Թուրքիան մտադիր են ստորագրել «դիւանագիտական կապեր հաստատելու եւ սահմանը բացելու մասին համաձայնութիւն, որով վերջ կդրուի Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանեան կայսրութեան տարածքում հայերի զանգվածային կոտորածների հետեւանքով սկիզբ առած ու գրեթէ մէկ դար շարունակւող թշնամանքին»: Ռադիոկայանը հաղորդում է նաեւ, որ Վաշինգտոնի Հայ դատի գրասենեակը, տարածել է յայտարարութիւն, որում ափսոսանք է յայտնում Ցյուրիխում հայ-թուրքական համաձայնագրի ստորագրմանը ներկայ գտնուելու` Հիլարի Քլինթոնի որոշման կապակցութեամբ: «Հայաստանին միակողմանի զիջումներ պարտադրելու` Բարաք Օբամայի վարչակազմի ջանքերը կարճատես են եւ երկարաժամկէտ հեռանկարում լուծումներ տալու փոխարէն կհարուցեն աւելի շատ խնդիրներ»,- ասուած է յայտարարութիւնում:
  -   Քաղաքական