Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մարսելի համազգային դպրոցի եւ Փարիզի դպրոցասէր միութեան վարժարանի աշակերտներին


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մարսելի համազգային դպրոցի եւ Փարիզի դպրոցասէր միութեան վարժարանի աշակերտներին

  • 18-04-2017 20:26:14   |   |  Մամլո հաղորդագրություն

Ապրիլի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մարսելի համազգային դպրոցի եւ Փարիզի դպրոցասէր միութեան վարժարանի 45 աշակերտների` ուղեկցութեամբ Մայր Աթոռի բարերար Սարգիս Պետոյեանի:
Նորին Սրբութիւնը գոհունակութեամբ նշեց, որ արդէն գեղեցիկ աւանդոյթ է դարձել Ֆրանսիայի այս երկու հայկական հաստատութիւնների աւարտական դասարանների սաների ամենամեայ այցը Հայաստան եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Վեհափառ Հայրապետն ընգծեց, որ այս ացելութիւնն իր անջնջելի դրոշմն է թողնելու պատանիների հոգում եւ ուխտագնացութեան ընթացքում առ հայրենի երկիրը նրանց մէջ ձեւաւորուած սերն ու յարգանքը նոր խանդավառութեան առիթ կը դառնայ նրանց համար:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը յորդորեց երիտասարդներին ջանասիրութեամբ շարունակել իրենց ուսումնառութիւնը, որպէսզի ձեռք բերած գիտելիքներն ու հմտութիւնները ծառայեցնեն ֆրանսահայ համայնքի, ինչպէս նաեւ հայրենիքի զարգացմանը, հզօրացմանն ու բարօրութեանը:
Այս առիթով Նորին Սրբութիւնն իր գնահատանքը բերեց ֆրանսաբնակ բարերար Սարգիս Պետոյեանին աշակերտների այցերը հայրենիք պարբերաբար կազմակերպելու համար: Վեհափառ Հայրապետը նաեւ իր օրհնութիւնը փոխանցեց ի դէմս երիտասարդներին ուղեկցող մանկավարժների` երկու դպրոցների ուսուցչական կազմին ու հոգաբարձուներին իրենց նուիրեալ ջանքերի եւ ազգօգուտ ծառայութեան համար:
Իր հերթին պրն. Սարգիս Պետոյեանը, իր խորին երախտագիտութիւնը յայտնելով Նորին Սրբութեանը, ներկայացրեց վարժարանների ուսումնական եւ կրթական գործունէութիւնը: Իրենց ասմունքով Ամենայն Հայոց Կաթողիկոսին հաճելի անակնկալ մատուցեցին նաեւ աշակերտները: 
Հանդիպման ժամանակ անդրադարձ կատարուեց նաեւ Սփիւռքում հայոց լեզուի պահպանմանն ուղղուած խնդիրներին եւ այդ ուղղութեամբ ձեռնարկուող քայլերին:
Վերջում Նորին Սրբութիւնը Աստծու Սուրբ Աջի հովանին մաղթեց հայորդիներին` պատգամելով լինել ազգի արժանի զաւակները եւ այդ բարձր գիտակցութեամբ հասակ առնելով` իրենց օգտակարութիւնը բերել հայ ժողովրդին:

 
  -   Մամլո հաղորդագրություն