Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Եգիպտոսի արտակարգ եւ լիազօր դեսպանին


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Եգիպտոսի արտակարգ եւ լիազօր դեսպանին

  • 19-04-2017 15:06:46   |   |  Մամլո հաղորդագրություն

Ապրիլի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետութիւնում Եգիպտոսի Արաբական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Թարէք Իբրահիմ Մուհամմադ Մաաթիին:
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետն իր ցաւակցութիւնը յայտնեց դեսպանին Եգիպտոսում ապրիլի 9-ին տեղի ունեցած ահաբեկչութիւնների առիթով, որոնց զոհ դարձան երկրի բազմաթիւ քաղաքացիներ: Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցու անունից զօրակցութիւն յայտնելով ի դէմս դեսպանի Եգիպտոսի ողջ ժողովրդին` Նորին Սրբութիւնը դատապարտեց կատարուած ոճրագործութիւնը եւ յոյս յայտնեց, որ ահաբեկչական որեւէ դրսեւորում այլեւս տեղ չի գտնի Եգիպտոսում եւ կը շարունակուեն պահպանուել տարբեր ազգային եւ կրօնական համայնքների միջեւ խաղաղ համակեցութեան դարաւոր բարեկամական աւանդոյթները:
Զրոյցի ընթացքում Նորին Սրբութիւնը նաեւ իր գնահատանքը յայտնեց ՀՀ-ում Եգիպտոսի դեսպանին հայ-եգիպտական յարաբերութիւնների զարգացմանն ու առաւել ամրապնդմանն ուղղուած նրա գործունէութեան համար: 
 
Իր հերթին դեսպան Թարէք Մաաթին, խորին շնորհակալութիւն յայտնելով Վեհափառ Հայրապետին զօրակցութեան խօսքերի համար, ներկայացրեց երկրի առջեւ ծառացած մարտահրաւէրները եւ դրանց յաղթահարելուն ուղղուած Եգիպտոսի իշխանութիւնների ձեռնարկած քայլերը: Դեսպանը Նորին Սրբութեանը փոխանցեց նաեւ Ղպտի Ուղղափառ եկեղեցու հոգեւոր պետ Թաւադրոս Բ պատրիարքի ողջոյններն ու բարեմաղթանքները:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու դեսպանն անդրադարձ կատարեցին նաեւ Եգիպտոսի հայ համայնքին եւ նրա կարեւոր դերակատարութեանը հայ-եգիպտական կապերի զարգացման գործում:
Հանդիպման աւարտին Վեհափառ Հայրապետն իր օրհնութիւնն ու մաղթանքները փոխանցեց դեսպանին եւ Եգիպտոսի ողջ ժողովրդին` ցանկանալով խաղաղ, բարօր կեանք ու ջանքերի բարի արգասաւորում:
Հանդիպմանը ներկայ էր Մայր Աթոռի Արտաքին յարաբերութիւնների եւ արարողակարգի բաժնի տնօրէն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանը:
###

 
  -   Մամլո հաղորդագրություն