Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել էՀՀ-ում Սերբիայի դեսպանին
20-04-2017 11:10:13 | | Մամլո հաղորդագրություն
Ապրիլի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետութիւնում Սերբիայի Հանրապետութեան նորանշանակ արտակարգ եւ լիազօր դեսպան Դուշան Սպասոեւիչին (նստավայրը` Աթէնք):
Վեհափառ Հայրապետը, շնորհաւորելով դեսպանին նշանակման առիթով, կարեւորեց երկու երկրների միջեւ յարաբերութիւնների եւ գործակցութեան ընդլայնումը: Նորին Սրբութիւնն անդրադարձաւ երկու ժողովուրդների պատմական առնչութիւններին, ինչպէս նաեւ Հայաստանեայց Առաքելական եւ Սերբ Ուղղափառ Եկեղեցիների եղբայրական կապերին: Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը դեսպանի միջոցով իր բարեմաղթանքներն ու ողջոյնները փոխանցեց Սերբ Ուղղափառ Եկեղեցու պետ Իրենէոս Պատրիարքին:
Դեսպան Դուշան Սպասոեւիչը եւս իր խօսքում անդրադարձ կատարեց երկու ժողովուրդների պատմական կապերին եւ ընդհանրութիւններին` Նորին Սրբութեանը տեղեկութիւններ փոխանցելով Սերբիայի հայկական համայնքի մասին: Այս կապակցութեամբ դեսպանն ընդգծեց, որ հայ համայնքը Սերբիայում սիրուած է եւ մեծ յարգանք է վայելում:
Զրոյցի ընթացքում խօսուեց նաեւ երկու Եկեղեցիների առջեւ ծառացած արդի մարտահրաւէրների եւ դրանց յաղթահարմանն ուղղուած ջանքերի մասին:
Հանդիպման աւարտին Վեհափառ Հայրապետն իր բարեմաղթանքները բերեց նորանշանակ դեսպանին` ցանկանալով նրան արգասաբեր գործունէութիւն:
Հանդիպմանը ներկայ էր Մայր Աթոռի Արտաքին յարաբերութիւնների եւ արարողակարգի բաժնի տնօրէն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանը: