Մայիսի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշուեց Երկրապահի օրը: Այս առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ․ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցուեց Սուրբ եւ Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի դիւանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրեանը:
Սրբազան արարողութեանը ներկայ էին Երկրապահ կամաւորականների միութեան (ԵԿՄ) նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանուէլ Գրիգորեանը, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Դաւիթ Տօնոյեանը, Էջմիածնի քաղաքապետ Կարէն Գրիգորեանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամաւորներ, ԵԿՄ վարչութեան անդամներ, մարզային խորհուրդների եւ տարածքային բաժանմունքների ներկայացուցիչներ, երիտասարդ եւ պատանի երկրապահներ:
Պատարագին Արշակ եպիսկոպոսը, խօսելով օրուայ խորհրդի նշանակութեան մասին, անդրադարձաւ քրիստոնէական սիրոյ գաղափարին եւ յատկապէս առ հայրենին ունեցած սիրուն։ Սրբազան Հայրը մասնաւորապէս ասաց. «․․․Սերը եղաւ դարեր շարունակ մեր քաջամարտիկների շարժիչ ուժը հայրենիքի նկատմամբ իրենց զգացումներն արտայայտելու ճանապարհին: Աւարայրից մինչեւ Սարդարապատ, Սարդարապատից մինչեւ Հայրենական մեծ պատերազմ, Հայրենական մեծ պատերազմից մինչեւ Արցախեան հերոսամարտ: Սէրը եւ միայն սէրը եղաւ շարժիչ ուժը հայրենասէր մեր զաւակների: Այս սիրով, այս զոհողութեան սիրով, հայրենիքի նկատմամբ անմնացորդ եւ անսակարկ սիրով Երկրապահ կամաւորական միութեան մեր քաջարի զաւակները մեկնեցին սահման՝ պատերազմի սարսափների ու պատերազմի մէջ զրկանքներ կրող մեր հայորդիների կեանքը փրկելու եւ մեր սահմանները պաշտպանելու»:Պատարագիչ Սրբազանը ցաւով ընգծեց, որ այս պատերազմն այսօր եւս շարունակւում է եւ տակաւին չի աւարտուել հայրենիքը պահպանող զինուորի եւ երկրապահի առաքելութիւնը: «Հայրենիք ասուածը մի դատարկ հասկացութիւն չէ: Հայրենիքը պարզապէս մի բնակավայր չէ, ուր մենք ապրում ենք, հայրենիքը մի կորպոռացիայ չէ, ուր աշխատում ենք հանապազօրեայ հացը հայթայթելու համար: Հայրենիքը մի կենսատարածք է, որը նախապայմանն է եւ երաշխիքը մեր լինելիութեան եւ ինքնութեան: Հայրենիքը մեր ծնողն է, մեր մայրն է, մեր երեխան եւ մեր զաւակը: Այն ամբողջութիւնը, որին մենք սովոր ենք կոչելու սրբութիւն: Հայրենիքը մեր հաւատքն է։
Դարեր շարունակ մենք կարող էինք պահպանել մեր ֆիզիկական գոյութիւնը, մենք կարող էինք զրկանքներից զերծ լինել, եթէ յանձն առնէինք հաւատափոխութիւն, եթէ յանձն առնէինք փոխելու մեր կեանքի կերպը, բայց մենք անվհատ պայքարեցինք յանուն այն իրականութեան, որպէսզի պաշտենք մեր Աստծուն, ապրենք մեր գոյնով, մեր տեսակով, մեր ցանկացած ձեւով եւ այսօր այդ պայքարը շարունակւում է: Երկրապահը, որի տօնն է այսօր՝ մայիսի 8-ը, ահա կոչուած է եղել այս պայքարին, լծուած է եղել այս առաքելութեանը եւ մաքառումին», - նշեց Արշակ եպիսկոպոս Խաչատրեանը:
Իր քարոզի վերջում Արշակ Սրբազանը յորդորեց ներկաներին իրենց աղօթքները վերառաքել առ Աստուած հայրենի սահմանների անառիկութեան եւ հայոց քաջարի զինուորների ապահով ծառայութեան համար, որպէսզի նրանք մշտապէս լինեն Աստծոյ հովանու ներքոյ:
Քարոզի աւարտին, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ․ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարուեց հոգեհանգստեան արարողութիւն` Արցախեան հերոսամարտի ընթացքում զոհուած հայ մարտիկների հոգիների հանգստութեան եւ խաղաղութեան համար: