Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհաւորագիր է յղել Ֆրանսիայի նորընտիր նախագահին


Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհաւորագիր է յղել Ֆրանսիայի նորընտիր նախագահին

  • 10-05-2017 16:47:38   |   |  Մամլո հաղորդագրություն

Մայիսի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհաւորական գիր է յղել Ֆրանսիայի Հանրապետութեան նորընտիր նախագահ Էմանուէլ Մակրօնին:
«Ֆրանսիան եղել եւ շարունակում է լինել Եւրոպական ընտանիքի հզօր ու առաջատար պետութիւններից մէկը, որ այսօր կարեւոր աւանդ է բերում աշխարհում համամարդկային արժէքների տարածման ու խաղաղութեան հաստատման գործում: Ֆրանսիայի ժողովուրդը առաջիկայ տարիներին պետութիւնը ղեկավարելու պատասխանատու առաքելութիւնը վստահեց Ձեզ` հաւատալով Ձեր կարողութիւններին, դաւանած արժէքներին ու փորձառութեանը: 
 
Մենք վստահ ենք, որ Ձեր նախագահութեան շրջանին պիտի շարունակեն խորանալ փոխյարաբերութիւնները Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ, որոնց համար ամուր հենք են մեր ժողովուրդների դարաւոր բարեկամութիւնն ու Ֆրանսիայում ապրող եւ ստեղծագործող հայ համայնքի ակտիւ ներգրաւուածութիւնը երկրի հասարակական, քաղաքական ու մշակութային կեանքում», - նշուած է Վեհափառ Հայրապետի շնորհաւորագրում:
Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը մաղթել է, որ Բարձրեալն Աստուած զօրակից լինի նորընտիր նախագահին եւ պարգեւի արդիւնաւոր գործունէութիւն` ի բարօրութիւն Ֆրանսիայի բարեկամ երկրի:

 
  -   Մամլո հաղորդագրություն