Մայիսի 16-ին Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդարանում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահութեամբ, սկսուեց Գերագոյն հոգեւոր խորհրդի ժողովը:
Ժողովի սկզբում, Տէրունական աղօթքից յետոյ ժողովականներն աղօթք բարձրացրեցին առ Աստուած ԳՀԽ բարեյիշատակ անդամ ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարեանի հոգու հանգստութեան համար:
Այնուհետեւ Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսեանի հրաւէրին ընդառաջ Մոսկուայում գումարուած Գերագոյն հոգեւոր խորհրդի հոգեւորական եւ աշխարհական անդամներին հայրապետական իր օրհնութիւնը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Նորին Սրբութիւնը գոհունակութիւն յայտնեց, որ ԳՀԽ հերթական ժողովը գումարւում է Մոսկուայում՝ նկատի առնելով նաեւ այն, որ այս տարի լրանում է Ռուսաստանում հայոց թեմի հիմնադրման 300-ամեակը։ Տեղեկացնելով, որ յոբելեանական տարուայ հիմնական միջոցառումները տեղի են ունենալու սեպտեմբեր ամսին՝ Վեհափառ Հայրապետը Գերագոյն հոգեւոր խորհրդի անդամների անունից շնորհաւորեց թեմակալ առաջնորդին Ռուսաստանի օրհնեալ երկրում Հայոց Եկեղեցու սպասաւորութեան 300-ամեակի առիթով՝ մաղթելով նաեւ, որ Տէրը զօրաւոր պահի դարաւոր բարեկամութիւնը հայ եւ ռուս ժողովուրդների եւ երկու Եկեղեցիների ու պետութիւնների գործակցութիւնը։
Արդիւնաւոր աշխատանք մաղթելով հոգեւոր խորհրդին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաեւ Աստծու օգնականութիւնը հայցեց աշխարհասփիւռ հայ ժողովրդին, Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն եւ նրա նուիրեալ սպասաւորներին։
Առաջին օրուայ նիստերն ատենապետեց ԱՄՆ Հայոց Արեւելեան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամեանը։
Ժողովի առաջին օրը Հայոց Եկեղեցու գործառնութիւնների բարելաւման ծրագրի ընթացքի վերաբերեալ Գերագոյն հոգեւոր խորհրդի ուշադրութեանը զեկոյց ներկայացրեց «Դաւիդեան» հիմնադրամի նախագահ եւ բարեգործ Ասոյ Դաւիդեանը։ Կարեւոր այս ծրագրի իրականացման պատասխանատուութիւնը յանձն առած տիար Ասոյ Դաւիդեանը տեղեկացրեց առ այսօր կատարուած աշխատանքների եւ անցկացուած անհրաժեշտ խորհրդակցութիւնների մասին։
Ներկայացուած տեղեկատուութեան շուրջ ծաւալուած քննարկումից յետոյ Գերագոյն հոգեւոր խորհուրդն իր գնահատանքը յայտնեց տիար Ասոյ Դաւիդեանին, ինչպէս նաեւ ծրագրի խորհրդատուական մարմնում ընդգրկուած հոգեւորականներին ու աշխարհականներին իրենց կարեւոր յանձնառութեան համար։
Եռօրեայ ժողովի ընթացքում քննութեան կ'առնուեն կանոնադրական, թեմական, ազգային ու հասարակական բազմաբնոյթ հարցեր: