<br /> Գիւմրիի մշակոյթի գործիչները բողոքում են Մինասի որմնանկարները Գիւմրիից տեղափոխելու որոշման դէմ<br />



Գիւմրիի մշակոյթի գործիչները բողոքում են Մինասի որմնանկարները Գիւմրիից տեղափոխելու որոշման դէմ

  • 29-04-2011 16:12:09   | Հայաստան  |  Մշակոյթ
Մինաս Աւետիսեանի որմնանկարները Գիւմրիից տեղափոխելու ՀՀ կառավարութեան նախաձեռնութիւնից անհանգստացած գիւմրեցի մի խումբ մշակոյթի գործիչներ եւ արուեստի ներկայացուցիչներ հանրայնացնելու նպատակով «Շիրակ կենտրոն»-ին են տրամադրել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանին յղած հետեւեալ բաց նամակը, որում ասւում է. «Մեծարգոյ պարոն վարչապետ Անցեալ դարի 70-ական թուականների սկզբներին Լենինականի մի շարք գործարանների տնօրինութիւններ իրենց դրամական միջոցներով պատուիրել են հայ մեծանուն նկարիչ Մինաս Աւետիսեանի որմնանկարներ կատարել իրենց գործարանների համապատասխան տարածքներում, որի արդիւնքում ստեղծուել են գեղարուեստական բարձրարժէք ստեղծագործութիւններ: Յետեկրաշարժեան տարիներին դադարեցին գործել քաղաքի արտադրական ձեռնարկութիւնները, եւ շէնքերի վթարայնութեան ու ջերմաստիճանային անբարենպաստ պայմանների հետեւանքով խիստ վտանգուեց որմնանկարների յետագայ գոյութիւնը եւ պահպանութիւնը: 1990թ. Լենինականի քաղսովետի գործկոմի ջանքերով եւ միջոցներով բուլղարացի մասնագէտների միջոցով վերականգնուեց եւ Գիւմրիի Վ. Աճեմեանի անուան պետական դրամատիկական թատրոնի շէնքում տեղադրուեց վերլուծական սարքերի փորձնական գործարանի շէնքի պատին գտնուող որմնանկարը: Սակայն այս ողջունելի քայլը` որմնանկարների վերականգնումը եւ յետագայ ցուցադրումը Գիւմրիում, առաջինը եւ վերջինը եղաւ: 2010թ. ՀՀ Կառավարութեան միջոցներով վերականգնուեց եւ Երեւան` Կառավարութեան շէնք տեղափոխուեց երկու որմնանկար: Այս իրողութիւնը, որ իրենց համերկրացու որմնանկարները այսուհետ զարդարելու են ՀՀ Կառավարութեան շէնքը, դրական ընդունեցին գիւմրեցիները: Սակայն մնացած որմնանակարները եւս Երեւան տեղափոխելու Կառավարութեան մտադրութիւնը խիստ դժգոհութիւն է առաջացրել գիւմրեցի արուեստագէտների, մտաւորականների, հասարակական կազմակերպութիւնների, ողջ բնակչութեան շրջանում: Մենք` ներքոստորագրողներս, հաստատ վճռականութիւն ենք յայտնում, որ արուեստների եւ մշակոյթի քաղաք Գիւմրիում են պահպանուելու եւ ցուցադրուելու մեր համերկրացի մեծանուն նկարիչ Մինաս Աւետիսեանի Գիւմրիում կատարած որմնանկարները: Անկախ շինութեան սեփականութեան ձեւից, որմնանկարները պատկանում են Գիւմրի քաղաքին: Մենք գտնում ենք, որ առանց քաղաքի համաձայնութեան, հոգեւոր մշակոյթային արժէքները տանելը անյարգալից վերաբերմունք է : Մեր բազմաթիւ հանդիպումները եւ պահանջը Գիւմրու քաղաքապետից` Մինասի որմնանակարները վերականգնելու եւ մեր քաղաքում ցուցադրելու աջակցութիւն են գտել քաղաքապետի կողմից, որը հաստատ հիմք է տալիս յայտարարելու, որ քաղաքը պատրաստ է համապատասխան դրամական միջոցներ տրամադրել վերականգնելու, Գիւմրիում պահպանելու եւ ցուցադրելու գիւմրեցիների հպարտութիւնը հանդիսացող Մինաս Աւետիսեանի պահպանուած որմնանկարները»: 1. Զաւէն Կոշտոյեան -հհ վաստակաւոր նկարիչ 2. Համբարձում Ղուկասեան - Եգպա-ի Գիւմրու մասնաճիւղի տնօրէն 3. Սամուէլ Պօղոսեան - Եգպա-ի Գիւմրու մասնաճիւղի դոցենտ 4. Գարիկ Մանուկեան - Նկարիչների միութեան Գիւմրու մասնաճիւղի նախագահ 5. Վաչիկ Խաչատրեան – Նկարիչների միութեան անդամ դոցենտ 6. Ալբերտ Վարդանեան - Նկարիչների միութեան անդամ քանդակագործ 7. Անդրանիկ Կարապետեան - Բանաստեղծ, ՀԳՄ Շիրակի մարզային բաժնի նախագահ 8. Ռոզա Յովհաննիսեան - Բանաստեղծուհի, ,եղէգան փողէ թերթի խմբագիր 9. Սերգօ Հայրապետեան – ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական կենտրոնի տնօրէն, բանասիրական գիտութիւնների դոկտոր, պրոֆէսոր 10. Ֆերդինանդ Առաքէլեան – Քանդակագործ 11. Վահան Թօփչեան - ԵԳՊԱՅ Գիւմրու մասնաճիւղի դասախօս 12. Արտուշ Պապոյեան – Քանդակագործ 13. Ալբերտ Վարդանեան – Քանդակագործ, նկարիչների միութեան անդամ 14. Համբարձում Բէգոյեան – ՀՀ դիզայներների միութեան եւ միջազգային դիզայն ասոցիացիայի անդամ դիզայներ Եգպա- Գ/Մ դասախօս 15. Լաուրա Աթանէսեան - Գիւմրու ԳԱԱՇՀՀԿ գիտաշխատող 16. Եսայի Մերոյեան – Գեղանկարիչ, ՀՀ նկարիչների միութեան անդամ 17. Նարինէ Հայկազեան - ԵԳՊԱՅ Գիւմրու մասնաճիւղի դասախօս 18. Աղունիկ Բերդիկեան - ԵԳՊԱՅ Գիւմրու մասնաճիւղի դասախօս 19. Երուանդ Վարոսեան - Գիւմրու պետ. սսիմֆոնիկ նուագախմբի դիրիժոր 20. Արտաշէս Կարապետեան - Գիւմրու քաղաքապետարանի մշակոյթի եւ երիտասարդութեան հարցերի բաժնի պետ Այս պահին բաց նամակին միացել եւ ստորագրել են Գիւմրու արուեստի եւ մշակոյթի բնագաւառի 493 աշխատակիցնէր:
  -   Մշակոյթ