ՀՀ նախագահը ներկայ է գտնվել Եկեղեցական-ներկայացուցչական ժողովին


ՀՀ նախագահը ներկայ է գտնվել Եկեղեցական-ներկայացուցչական ժողովին

  • 08-06-2017 15:21:22   |   |  Մամլո հաղորդագրություն

 
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարուած Եկեղեցական- ներկայացուցչական ժողովի յունիսի 8-ի նիստին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաւերին ընդառաջ, մասնակցեց Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեանը: 
 
Տէրունական աղօթքից յետոյ նիստը բացուեց Ամենայն Հայոց Հայրապետի խօսքով։ Նորին Սրբութիւնը, ողջունելով ՀՀ նախագահի ներկայութիւնը ժողովին, անդրադարձաւ Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի առաքելութեանը եւ գումարուած 6-րդ ժողովի արդիւնքներին՝ նշելով, որ ժողովը մեծապէս նպաստում է Հայ Եկեղեցու առջեւ ծառացած մարտահրաւերների յաղթահարմանը եւ Եկեղեցու առաքելութեան արդիւնաւորմանը։ Վեհափառ Հայրապետը գոհունակութեամբ ընդգծեց նաեւ այն մշտական զօրակցութիւնը, որ հայրենի իշխանութիւնների կողմից դրսեւորուում է Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հանդէպ։ 
«Հայ Եկեղեցին մշտապէս մեր պետութեան կողքին է, պատրաստ իր կարողութիւններով, աշխարհասփիւռ թեմերով ու կառոյցներով աջակցութիւն բերելու Ձեզ եւ հայրենի իշխանութիւններին՝ մեր երկրի առջեւ ծառացած հիմնախնդիրների ու դժվարութիւնների յաղթահարման եւ մեր ժողովրդի նուիրական իղձերի իրականացման գործում», - ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ յաջողութիւններ մաղթելով ՀՀ նախագահին պատասխանատու նրա բարձր առաքելութեան մէջ։
Այնուհետեւ ժողովականներին ողջունեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը՝ կարեւորելով Եկեղեցական-ներկայացուցչական 6-րդ ժողովի գումարումը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում: Տիար Սերժ Սարգսեանը արդիւնավետ աշխատանք մաղթեց ժողովի աշխատանքներին։
Հանդիպման ընթացքում ՀՀ նախագահը պատասխանեց ժողովի մասնակիցներին յուզող հարցերին, որոնք վերաբերում էին Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգաւորման ուղղութեամբ տարուող աշխատանքներին, հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրութեանը, հայրենիքի առջեւ ծառացած սոցիալ-տնտեսական խնդիրներին, Հայաստանում ապաստան գտած սիրիահայերին ցուցաբերուող աջակցութեանը, եկեղեցի-պետութիւն յարաբերութիւններին, Հայաստան-Սփիւռք կապերի առաւել ամրապնդմանը։

 
  -   Մամլո հաղորդագրություն