Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի սաները հաջողութեամբ<br /> սովորում են Հնդկաստանի ԲՈՒՀ-երում<br />


Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի սաները հաջողութեամբ
սովորում են Հնդկաստանի ԲՈՒՀ-երում

  • 03-12-2009 12:30:00   |   |  Հասարակութիւն
ԿԱԼԿԱԹԱ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Դեկտեմբերի 2-ին հնդկահայոց հոգեւոր հովիւ եւ Կալկաթայում գտնուող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Խորէն աբեղայ Յովհաննիսեանը հանդիպել է կրթօջախի հինգ նախկին սաների հետ, որոնք իրենց ուսումը շարունակում են Հնդկաստանի տարբեր բարձրագոյն ուսումնական հաստատութիւններում: Ինչպէս տեղեկանում ենք ճեմարանի մամլոյ հաղորդագրութիւնից, նրանց ուսման ծախսերը ամբողջութեամբ հոգում է հայ եկեղեցին: Իրենց խնամակալ հայր Խորենի հետ ունեցած ջերմ զրոյցի ընթացքում ուսանողները պատմել են իրենց ուսումնական յաջողութիւնների մասին, խօսել հոգսերի ու դժուարութիւնների մասին: Հանդիպման վերջում հայր Խորենը օրհնել է ուսանողներին: «Միշտ հաւատարիմ մնացեք ձեր հայկական արմատներին: Ձեր կրթութեան եւ կեցութեան ծախսերը հոգում է հայ եկեղեցին, որովհետեւ դուք հայ եք եւ զավակը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի: Ուզում եմ չմոռանաք: Այս հնարաւորութիւնը տրուել է, որպէսզի վաղը կարողանաք ձեր գիտելիքները ներդնել յանուն Հայաստանի եւ հայ ազգի»,- աւարտել է իր խօսքը Խորէն աբեղայ Յովհաննիսեանը: Ջեսիկա Միլնը եւ Տաթեւիկ Թադեւոսեանը բարձրագոյն կրթութիւն են ստանում Կալկաթայի հեղինակաւոր «Լորետո» յատուկ ուսումնական հաստատութիւնում, Վահէ Շիրինեանը` Մումբայ քաղաքում գտնուող` Հնդկաստանի ծրագրաւորման եւ կառավարման ինստիտուտի ֆինանսներ եւ մարկետինգ ֆակուլտետի մագիստրատուրայում, Արթուր Մարուսեւիչը եւ Զարեհ Ստեփանեանը` Կալկաթայի Հիւրանոցային կառավարման միջազգային ինստիտուտի համանուն ֆակուլտետում:
  -   Հասարակութիւն